— Ինչու՞։ Առաջնորդը մեծ հոժարությամբ իր սեղանի վրա կալանավորել կտա քեզ, եթե ստուգե, որ դու ես նկարագրված անձը։
— Նա այդ կանե, բայց ստուգելը դժվար է։
Տեսնելով Ասլանի անձնավստահությունը, ես լռեցի։ Նա ինձ պատվիրեց.
— Դու այստեղի սովորության համեմատ, կկանգնես դռան մոտ, ներսի կողմից, աշխատիր ոչ մի բառ չփախցնել քո լսողությունից, ինչ որ կխոսվի այնտեղ։
Մի խումբ ծառաներ կանգնած էին առաջնորդարանի դռանը՝ հյուրերին ընդունելու և նրանց ձիաները բռնելու համար։ Մեզ ևս ամեն քաղաքավարությամբ ներս տարան։ Մենք սպասում էինք հանդիպել մի համեստ ընթրիքի, որպիսին վայել էր մի կրոնավորի, բայց գտանք ընդհակառակը։ Դահլիճներից մեկը փառավոր կերպով զարդարված էր. լուսավորությունը աչք էր շլացնում․ ես առաջին անգամն էի տեսնում այսպիսի ճոխություն։ Դահլիճի պատվավոր ճակատում, թանկագին թավշյա օթոցի վրա, որ տարածել էին պարսկական գեղեցիկ գորգի երեսին, բազմած էր նորին սրբազնությունը։ Նրա աջ կողմը բռնել էր փաշան, իսկ ձախ կողմը մի նշանավոր քուրդ բեկ։ Նա այն գիշեր հագած ուներ ծիրանագույն փարաջա, իսկ կուրծքի վրա շողշողում էր ալմասստներով զարդարված օսմանյան շքանշանը։ Ինձ հայտնի էր, ես Պարսկաստանում շատ անգամ էի տեսել, երբ երկրի կառավարիչը մարդիկ է մորթել տալիս, նա այնօր սովորաբար հագնում է արյունագույն զգեստ։ Այդ ինձ մտածել տվեց, թե նորին սրբազնությունը գուցե նրա համար է հագել ծիրանագույն փարաջան, որովհետև առաջնորդարանում այնօր կատարվել էր գյուղացի կնոջ նշանավոր դատաստանը։ Բայց այդ պետք էր մի պատահական հակադիպություն համարել։
Նա ընդունում էր իր հյուրերին առանց տեղից շարժվելու, միայն ձեռքը մեկնում էր համբուրել տալու համար։ Բայց երբ Ասլանը ներս մտավ, նա կիսով չափ տեղից բարձրացավ, և փոխանակ աջը համբուրել տալու, բռնեց Ասլանի ձեռքը, բարեկամաբար սեղմեց և փաշայի մոտ նստելու տեղ ցույց տվեց։ Աթոռներ չկային, բոլորը նստած էին գորգերի վրա։ Ես կանգնած մնացի դռան ձախ կողմում, իսկ աջ կողմը բռնած էր փաշայի թիկնապահը։ Երկուսս էլ զինված էինք, երկուսս էլ ձեռքներս դրած ունեինք մեր սրերի վրա։ Դա մի առանձին պատիվ է, երբ թիկնապահը կանգնում