բացարձակ շողոքորթություններ արևելքում ոչ միայն սովորության, այլև քաղաքավարության կարգն են անցել, և Ասլանը, հետևելով տեղային սովորությանը, դարձավ դեպի առաջնորդը այդ խոսքերով.
— Չգիտեմ, որպես շնորհակալ լինեմ ձեզանից, սրբազան հայր, ձեր հանձնարարական թուղթը ինձ շատ և շատ օգնեց, ես համարյա մեծ մասամբ հասա նպատակիս։
— Այդ մեր պարտավորությունն է, պարոն բժշկապետ, մեր կարյաց չափ բավականություն տալ մեր կողմերր եկած ճանապարհորդների հետաքրքրությանը, օգնել նրանց երկիրը, ժողովուրդը ուսումնասիրելու, և աշխատել ամեն կերպով դյուրություններ մատուցանել նրանը՝ իրանց նպատակներին հասնելու։ Բայց ցավում եմ, շատ ցավում եմ, որ ես չկարողացա նախատեսել Կտուց անապատը գնալու վտանգը։ Մեր ծովը փոքրիկ է, բայց բավական կատաղի է։ Միայն ուրախ եմ, շատ ուրախ, որ ձեզ հաջողվել է քաջությամբ ազատվել։
Առաջնորդը հիշեցնում էր մեր Կտուց անապատը գնալու ժամանակ կրած ալեկոծությունը։ Երևում էր, որ նրան արդեն հայտնի էին մեզ հետ պատահած անցքերը։ նա ավելացրեց.
— Դուք, պարոն բժշկապետ, տեսնում եմ, որպես լավ բժիշկ եք, նույնպես և լավ նավավար ու ճարպիկ լողորդ եք։ Ես մեծ հիացմամբ լսեցի ձեր կատարած քաջությունը ալևկոծության ժամանակ։
Ասլանը պատասխանեց.
— Մեր երկրում, սրբազան հայր, վաղուց արդեն կրթության է դաստիարակության կարգն է անցել, սկսյալ մանկությունից, պատրաստեք մարդուն այնպես, որ նա կյանքի մեջ ընդունակ լինի ամեն վտանգների հետ պատերազմելու։ Երբ ծովի հետ գործ ունես, պետք է կանխապես սովորած լինես, թե ինչպես պետք է վարվել նրա ալիքների հետ...
Այդ բոլոր խոսակցությունը, որպես նկատում էի, մի տեսակ խուլ հակաճառություն էր զանազան նուրբ ակնարկություններով և զանազան երկդիմի ասացվածներով։ Ասլանի նույն տեսակ պատասխանները ստիպեցին սրբազանին փոխել իր խոսակցության ձևը։
— Դուք և Վարագ այցելեցիք, այնպես չէ՞, պարոն բժշկապետ,— հարցրեց նա,— ի՛՞նչպես գտաք այդ վանքը և այնտեղի նոր հիմնարկությունները. տեսնվեցա՞ք արդյոք Հայրիկի հետ։