առաջ տարավ առաջնորդը։ — Ամենապատվական մարդ և, դրա շնորհիվ մեր քաղաքը կատարյալ հանգստություն է վայելում։
Ասլանը ձեռքը մեկնեց և դեպի այդ «ամենապատվական» մարդը, որ տեր Եղիշեի քրոջ՝ տիկին Թելլիի ամուսինն էր, և որին հանձնված էր որոնել մատնված Ասլանին։ Նա բոլոր ժամանակ իր թավ, խոժոռ հոնքերի տակից լուռ նայում էր Ասլանի վրա։ Թե՛ քուրդ բեկը և թե՛ ոստիկանության պետը՝ երկուսն էլ զենքերով էին նստած։ Նայելով վերջինի վրա, ես մտածում էի, որ այնպիսի բարի և ազնիվ կինը, որպիսին էր Թելլի-խաթունը, մի կատարյալ զոհ պետք էր համարել այդ տեսակ գազանի ձեռքում։
Բացի քուրդ բեկից և ոստիկանության պետից, մյուս հյուրերի թիվը շատ փոքր էր, նրանք երեք հոգի էին միայն, ազգով հայ։ Առաջինի վրա ցույց տալով, առաջնորդը ասաց.
— Դա մեր հայ հասարակության առաջնակարգ անձինքներից մեկն է, Շարման-բեկը։ Բոլոր արքունական շինվածքների կառուցման կապալառությունը դրա ձեռքումն է, որ ապացույց է իր մեծ հավատարմության։ Շատ ժամանակ չէ, որ արժանացավ օգոստափառ սուլթանի շնորհած շքանշանին։
Եվ իրավ, նրա կուրծքի վրա փայլում էր մի շքանշան։ Շարման-բեկի անունը լսելով, ես իսկույն հիշեցի վարպետ Փանոսի մի հետաքրքիր պատմությունը արքունի զինվորանոցների կառուցման մասին։ Այդ Շարման-բեկն էր, որ շինությունների բոլոր ծախքը հայ հասարակության տուժել տալով, միևնույն ժամանակ, նույն ծախքը ամբողջապես ստացավ կառավարության գանձարանից և բաժանեց փաշայի կամ այլ պաշտոնական անձանց հետ։ Այդ պատմությունը ես պիտի կրկնեմ, որ դու լավ մտաբերես, ընթերցող։
Վանի շրջակայքում, կամ Պարսկաստանի սահմանի գծի վրա, տաճկաց սահմանապահ զինվորները, զորանոցներ չունենալով, սովորաբար միշտ բաժանված էին լինում հայերի տներում օթևանելու համար: Յուրաքանչյուր ընտանիք պարտավորված էր պահել մի քանի հոգի այդ հյուրերից։ Ինքնակոչ հյուրը դառնում էր, միևնույն ժամանակ, ընտանիքի տերը և նրա գլխավորը։ Տան հարսը, աղջիկը, կինը ծառայում էին նրան, որպես աղախիններ, տան տղամարդը հոգ էր տանում նրա ձիուն, որպես ծառա։ Թուլամորթ, որկրամոլ տաճիկ զինվորը չափազանց նուրբ ճաշակ է ստանում և խիստ պահանջող է լինում, երբ հայի տանը ձրի կերակրվում է։ Իսկ երբ նրա պահանջները իր ցանկության համեմատ չեն կատարվում, այն