Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժամանակ նրա մտրակը սարսափելի գործ է տեսնում։ Գերդաստանի պատիվն անգամ գոհվում է նրա մոլի կրքերին։ Երևակայեցեք մի գյուղական մարդ, նահապետական ընտանիք, որ բոլորը, մի հարկի տակ են ապրում, և նրանց մեջ խառն է անբարոյական տաճիկ զինվորը։ Հայը ամեն հարստահարության սովոր է համբերել, բայց երբ դիպչում են նրա ընտանեկան պատվին, նա այդ ժամանակ կորցնում է իր համբերությունը։ Այդ էր, որ գրգռեց հասարակությանը՝ բողոքել բարձր կառավարության, որ զինվորները հեռացվեն իրանց տներից։ Կառավարությունը ի նկատի առեց նրանց բողոքը և հրամայեց ամեն տեղ իր ծախքով զորանոցներ կառուցանել։ Արքունի շինվածքների կապալառվի, Շարման-բեկի համար մի մեծ գործ բացվեցավ։ Նա դիմեց միամիտ գյուղացիներին ասելով,— «եթե ցանկանում եք, որ զինվորները ձեր տներից հեռանան, պետք է զորանոցները ձեր ծախքով շինել տաք, որովհետև այդպես է հրամայված»։ Խեղճ գյուղացիները հոժարվում են ամեն ինչ զոհել, գեթ ազատվեն անտանելի հյուրերից։ Ով որ փող ուներ փող էր տալիս, ով որ փող չուներ, ինքն էր աշխատում իր անասունների հետ, քար, փայտ և կիր կրելով։ Այդպիսով զորանոցները կառուցվում են։ Այդ մեծ ծառայությունը վարձատրվում է այն մեծ շքանշանով, որ Շարման-բեկը կրում էր կուրծքի վրա, թեև զորանոցների ծախքը մի կողմից խեղճ հասարակությունն էր տուժում մյուս կողմից արքունի գանձարանը։

— Շատ բարեպաշտ և ազգասեր անձն է, պարոն բժշկապետ,— ավելացրեց առաջնորդը,— Եթե գիտենայիք որքան բարիքներ է գործել դա մեր հասարակությանը. Շատ ժամանակ չէ, որ իր ծախքով նորոգել տվեց մի վանքի խարխուլ տաճարը.

Վերջին խոսքը ճշմարիտ էր։ Բայց ժողովուրդը կողոպտել և տաճարներ կառուցանել,— այդ հազիվ թե կարելի էր բարեպաշտություն համարել։ Ասլանը ոչինչ չպատասխանեց։ Բայց Շարման-բեկը, լսելով սրբազանի գովասանքը, ինքնաբավական կերպով իր տեղում շարժվեցավ, նրա աղյուսի գույնով անշարժ դեմքի վրա երևաց ժպիտի նման մի բան, և ձեռքը տարավ դեպի կուրծքը, կարծես տեսնելու համար արդյոք շքանշանը իր տեղու՞մն է։

Առաջնորդը շարանուկեց ծանոթացնել մյուսներին․

— Դա մահտեսի Թորոսն է, մի քանի անգամ Երուսաղեմ ուխտ է գնացել․ մեր քաղաքի հարուստ և նշանավոր վաճառականներից մեկն է, միևնույն ժամանակ մեր մայր եկեղեցու