— Ամենայն հարգանաց արժանի է այդ մարդը,— նա իր նեղ, խորամանկ աչքերը, որոնք բոլորովին գրկված էին թերթերունքներից և շրջապատված էին միայն կարմիր, թանձր կոպերով, դարձրեց դեպի փաշան։— Ես ութսուն տարեկան մարդ եմ, պարոն բժշկապետ, ես շատ բան եմ տեսել։ Առաջ խիստ վատ էին ժամանակները, իսկ հիմա գայլն ու գառը միասին են ապրում, մարդիկ իրանց դռները գիշեր ու ցերեկ բաց են թողնում, փակելու պետք չունեն, որովհետև էլ գողեր չկան։ Կարող ես գլխիդ ոսկի դնել և աներկյուղ ուր որ ուզում ես գնալ։ Ամեն տեղ ապահովություն է տիրում։ Թե՛ աղքատի խրճիթից, թե՛ հարստի տնից միայն աղոթք ու գոհություն է լսվում։ Ոչինչ դժգոհություն չկա։
Միշտ միևնույն զզվելի շողոքորթությունները, միշտ միևնույն անվերջ կեղծավորությունները չափ չունեին։ Եվ այդ շողոքորթությունների մեջ պետք էր որոնել երկրի գլխավոր թշվառությունը։ Ես այժմ կատարելապես հասկանում էի այն ճառի ճշմարտությունը, որ Ասլանը կարդաց ինձ և Մարոյին ս. Տիրամոր տոնախմբության ժամանակ, թե որպիսի վնասակար դեր են խաղում ժողովրդի ներկայացուցիչները նրա անբախտ վիճակի մեջ։ Այն ժամանակ ես լսում էի միայն խոսքեր, թե ի՞նչ է անում կղերը, կառավարության պաշտոնյան, դրամատերը, և դրանց նմանները,— իսկ այժմ տեսնում էի նրանց կենդանի տիպարները։ Դեցուք թե, Ասլանը լիներ մի կոնսուլ, մի պաշտոնական անձ, որ ուղարկված էր երկրի դրությունը քննելու։ Նա խո չէր մտնի գյուղացու խրճիթը, նա խո չէր դիմի սոված քաղաքացուն։ Նա ամեն տեղ կհանդիպեր այդ տեսակ շողոքորթների, և ի՞նչ գաղափար կարող էր կազմել երկրի դրության մասին։ Իհարկե, լավ։ Նույնիսկ երկրի բարձր կառավարության առջև՝ այդ մարդիկը վնասակար դեր են խաղում։ Երբ հարստահարվածների բողոքը հասնում է մինչև Բարձրագույն Դուռը, երբ գանգատվում են փաշայի, մուդարի, գայմազամի կամ այս և այն անիրավ զեղծումների մասին,— տեսար, ահա հավաքվեցան շողոքորթները, և հակառակ բողոքագրին, մի շնորհակալության հանրագիր կազմեցին և ուղարկեցին Պոլիս։ Ամեն բան քանդվում է։ Հարստահարվածների ձայնը խեղդվում է, որովհետև շողոքորթներին ավելի են հավատում, որովհետև նրանք են ժողովրդի ներկայացուցիչները, նրա «երևելիները»։ Դրանց ջահերը կապված են երկրի կեղեքիչների շահերի հետ, շատ հասկանալի է, որ նրանց անիրավությունները կպաշտպանեն։
Ասլանը, երևի, չկարողացավ իրան զսպել, ասաց․