Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգացել է, մենք ևս ապահովեինք պարոն բժշկապետի ճանպարհորդությունը մեր թղթերով: Մեր նահանգում նա մեր հյուրն է։ Հետո դարձավ դեպի Ասլանը, հարցրեց.

— Եթե չեմ սխալվում, դուք մի օրից հետո թողնելու եք մեր քաղաքը, ուրեմն թղթերը շուտով պետք է պատրաստել։ Միայն հարկավոր կլիներ, որ դուք վաղը ձեր ձեռքում ունեցածները ուղարկեիք մեզ, որպեսզի մենք ևս նրանց համեմատ պատրաստեինք մերը։

Ասլանը իր խոսքերով բոնվեցավ, մտածեցի ես։ Ոստիկանության պետը այդ քաղաքավարի ձևով նրանից պաշտոնական թղթեր էր պահանջում: Նա չէր բավականանում Ասլանի լոկ խոսքերով, թե նա Արզրումի նահանգապետից բաց հրամանագիր է ստացել իր ուղևորության համար, անցել է այս կամ այն ճանապարհով և այլն։ Փաշան հասկացավ ոստիկանության պետի միտքը, ինքն ևս խորամանկությամբ հաստատեց նրա ասածը.

— Այո, այո, պարոն բժշկապետը մեր նահանգում մեր պատվելի հյուրն է: Մենք պետք է ամեն հնարներ գործ դնենք` դյուրացնելու նրա ուղևորությունը և ամեն վտանգից ապահովելու, թեև այդ մեր նահանգում պատահել չէ կարող։

— Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, վսեմաշուք տեր,— ասաց Ասլանը հեռվից գլուխ տալով։ — Դուք այնքան բարի եք և այնքան ողորմած գտնվեցաք դեպի ինձ, որ ես մինչև անգամ պետք չունեցա Արզրումի նահանգապետի հանձնարարական նամակը առաջուց ներկայացնել ձեզ, տեսնելով, որ դուք, առանց հանձնարարականի ևս, ցույց եք տալիս ամեն պատրաստականություն օգնելու ինձ։

Փաշայի մսուտ երեսի վրա երևաց ապշության նման մի բան։ Նա, ծածկելով իր խռովությունը և կեղծ ուրախություն ցույց տալով, բացականչեց.

— Մի՛թե, Ա՜խ, պարոն բժշկապետ, դուք չափազանց համեստ եք գտնվել, դուք զրկել եք ինձ իմ բարեկամի նամակից. Արզրումի նահանգապետը իմ ամենալավ բարեկամս է։

— Այդ նամակը ես պահել էի, որ այստեղից մեկնելու միջոցին հանձնեմ ձեզ,— ասաց Ասլանը իր թղթապահի միջից մի փոքրիկ նամակ դուրս բերելով։— Բայց որովհետև խոսք եղավ, ես այս րոպեում կհանձնեմ ձեզ։

— Խնդրեմ, խնդրեմ,— բացականչեց փաշան և առեք նամակը։