Փաշան լսելի ձայնով կարդաց հետևյալ տողերը․—
«Այս նամակը Ձեզ ներկայացնող ֆրանսիացի երևելի բնագետ և բժշկապետ պարոն Քարլ Ռիսմանը, իր ուսումնական հետազոտությունների համար անցնելու է Վան քաղաքով դեպի Բաղդադ, իսկ այնտեղից Հնդկաստան։ Հուսով եմ, որ կատարելով իմ խնդիրքը, Դուք այնքան բարի կլինեք, ողորմած տեր, որ նրա ուղևորության համար կտնօրինեք բոլոր պարտ ու պատշաճ կարգադրությունները, որպեսզի գիտնական ճանապարհորդը դյուրություններ ունենա թե՛ իր նպատակին հասնելու և թե՛ իր ուղևորության ժամանակ հանգիստ ու ապահով լինելու։ Որի համար կմնամ Ձեզ միշտ շնորհապարտ» և այլն։
— Բարեկամս հենց իր ձեռքովն է գրել,— ասաց փաշան նամակը կարդալուց հետո։— Ես պատրաստ եմ ամեն կերպով դյուրացնել ձեր ուղևորությունը, պարոն բժշկապետ։
Ես սկսեցի ազատ շունչ քաշել։ Ասլանը լավ դուրս պրծավ, մտածում էի ես։ Այժմ նա դարձավ դեպի ոստիկանության պետը՝ նրա հետաքրքրությունը ևս գոհացնելու համար։
— Դուք, պարոն Լաթիֆ֊բեկ, լավ է, որ հիշեցրիք ինձ, որ ես հանձնեմ ձեզ իմ թղթերը, որպեսզի դուք ևս նրանց համեմատ պատրաստեք ձերը։ Խնդրեմ, հենց այժմյանից ընդունեցեք, որովհետև ես էգուց այնքան զբաղված կլինեմ իմ պատրաստություններով, որ գուցե կմոռանամ։
— Մեծ ուրախությամբ,— ասաց ոստիկանության պետը։
— Ես հենց այդ նպատակով էի առել ինձ հետ։ Ահա այդ իմ անցագիրն է, իսկ այդ այն բաց հրամանագիրն է, որ Արզրումի նահանգապետը շնորհել էր ինձ։ Կարծեմ այդ երկուսը բավական է։
— Բավական է,— ասաց փաշան։— էգուց թե՛ ձեր թղթերը, և թե՛ մերը կեսօրից մի ժամ առաջ կհանձնվեն ձեզ։
Քուրդ բեկը սառած մնաց։ Առաջնորդին ևս տիրեց ոչ սակավ ապշություն։ Բայց իմ զարմացքը ավելի մեծ եղավ, թե ո՞րտեղիը հայտնվեցան Ասլանի մոտ այդ թղթերը։ Նա բոլորովին ուղիղ էր ասում, որ անցել էր իր նկարագրած ճանապարհների գծով, ուղիղ էր և այն, որ ամեն տեղ մեծ պատրաստականություն էին ցույց տվել նրան ընդունելու և շատ ձիավորներով ճանապարհ դնելու։ Նա ծածկեց միայն ս․ Տիրամոր վանքը գնալը և լեռնային ճգնավորի կերպարանքի մեջ մտնելը։ Մինչև այս տեղը նրա ասածները բոլորը ուղիղ էին։