Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այո, Ասլանը լավ դուրս պրծավ։ Բայց քուրդ բեկը մնաց դատապարտության ներքո. պետք էր մի կերպով արդարացնել նրան նա յալալիների ցեղապետն էր. յալալիները մոտ ժամանակներում ասպատակություններ էին արել. Ասլանը գիտեր այդ. Ասլանը ասաց, թե ինքը այդ մասին կհայտնե ուր որ հարկն է,— ուրեմն ի՛նչպես թողնել այդ բոլորը առանց ուշադրության և չարդարացնել քրդին։

Երեք Հայ երևելիներից մեկը, Շարման-բեկը, փաստաբանեց.

— Պետք է ի նկատի ունենալ, պարոն բժշկապետ, որ շալախների վերջին անգամի ասպատակությունները Տաճկաստանի հայերին չեն վերաբերում, այլ Պարսկաստանի հայերին։

— Այդ ես գիտեմ,— նրա խոսքը կտրեց Ասլանը։— Բայց հայը ամեն տեղ հայ է, թև′ Պարսկաստանում լիներ, թե′ Տաճկաստանում։ Երբ նա կողոպտվում է, ավազակը պետք է անպատճառ պատժվի։ Այստեղ հարցը անկարգության մասին է և ոչ թե հպատակության կամ ազգության։ Եթե կողոպտվածները հրեաներ կամ բոշաներ ևս լինեին, ես գուցե ավելի խստությամբ կբողոքեի։ Շարման-բեկի պաշտպանությունը խիստ թույլ գտնվեցավ. այժմ առաջնորդը սկսեց փաստաբանել.

— Բոլորովին ճշմարիտ է ձեր ասածը, պարոն բժշկապետ, բայց պետք է տեղային սովորությունները և հանգամանքները ևս ի նկատի ունենալ։ Պատահում է, շատ անգամ Պարսկաստանից անցնում են մեր կողմերը, ասպատակություններ են անում, ոչխարներ, ձիեր և այլ անասուններ են ավարի առնում։ Կորուստը վերադարձնելու համար ուրիշ հնար չէ մնում, քան թե հարձակում գործել և պարսից հպատակներից հափշտակել փոխարենը։

— Այստեղ ինչո՛վ են մեղավոր խաղաղ հպատակները,— պատասխանեց Ասլանը, փոքր ինչ զայրացած կերպով։ — Այդ ավազակները թե՞ Պարսից կողմից և թե Տաճկաց կողմից բոլորը բրդեր են, թող միմյանց միս ուտեն, եթե տեղային կառավարությունները անկարող են զսպել նրանց դաժանությունները։ Բայց ինչո՛ւ նրանց միմյանց հետ ունեցած թշնամությունների պատճառով մեջտեղում պետք է ոտնակոխ լինի, կողոպտվի խեղճ գյուղացին, թյվաո երկրագործը, որ բացի մի քանի անասուններից ուրիշ ոչինչ չունի իր ապրուստը հոգալու համար։

Քուրդ բեկի թուխ դեմքի վրա երևացին քրտինքի կաթիլներ, որ սրբեց նա իր շապկի քառանկյունի ձևով քարշ ընկած թևքով։