այդ բոլորը մեզ հայտնի չլիներ, գուցե սրբազանի վկայությունը մեծ նշանակություն տայինք։ Բայց Ասլանը լռեց և, հայտնի պատճառներից ստիպված, ոչինչ չպատասխանեց։
Հետաքրքիրն այն էր, թե ի՞նչն էր առիթ տալիս սրբազանին քրդի բարբարոսություններին պաշտպան հանդիսանալ։ Նա բարեկամական մեծ կապեր ուներ համարյա բոլոր քուրդ ցեղապետների հետ։ Այդ հարաբերությունները պահպանում էր իր ազդեցությունը բարձրացնելու համար։ Իր ձեռքում ունենալով երկրի խոշոր գազաններին, նա այն աստիճան նշանակություն էր ստացել, որ ոչ միայն հասարակ մարդիկ, այլ մինչև անգամ փաշան նրանից ակնածում էր։ Բայց մի՞թե այդ ազդեցությունը ավելի բարձր նպատակների համար չէր կարելի գործ դնել։ Ասլանը մի անգամ ինձ ասում էր․ «Այդ մարդը շատ պիտանի կարող էր լինել, եթե իր ուժերը դեպի չարը գործ չդներ»։ Օրինակներ շատ էին պատահել, երբ քուրդ բեկերից մեկը որևիցե հանցանքի համար կալանավորվում էր, կամ աքսորվում էր, նա իր գրպանից մեծ գումարներ էր ծախսում և ազատում էր չարագործին։ Ինչի՞ համար։— Ոպեսզի նրան իր ձեռքում մի լավ գործիք ունենա։
Կրկին խոսք եղավ Ասլանի մյուս օր ճանապարհ ընկնելու մասին և առաջնորդը, օգուտ քաղելով դրանից, փոխեց խոսակցության առարկան, ասելով.
— Թեև մեր վսեմաշուք փաշան կտա ձեզ հարկավորված թղթերը և դուք, պարոն բժշկապետ, ամեն տեղ կգտնեք մեծ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը անվտանգ կացուցանելու համար, բայց այսուամենայնիվ, ես խորհուրդ կտայի ձեզ քարավանի հետ գնալ։
— Ես այդպիսի նպատակ էլ ունեմ,— պատասխանեց Ասլանը,— ինձ ասացին, որ էգուց երեկոյան մի քարավան է դուրս գալու։
— Այդ ո՞ւմ քարավանն է, — հարցրեց փաշան։
— Չգիտեմ,— պատասխանեց Ասլանը։
— Թոխմախ֊Արթինի քարավանն է,— մեջ մտավ ոստիկանապետը։
— Հա, Թոխմախ-Արթինը շատ քաջ մարդ է, նրա քարավանը ամենաապահովն է ճանապարհորդության համար։ Բայց չգիտեմ, պարոն բժշկապետ, դուք չէի՞ք ձանձրանա քարավանի հետ գնալով, որովհետև քարավանը սաստիկ դանդաղ է գնում,— հարցրեց փաշան։