Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ իրավ է, — պատասխանեց Ասլանը, — բայց որքան էլ ցանկանայի, չէի կարող շտապով անցնել, որովհետև ինձ հետ տանում եմ բավական ծանրություններ, որոնք մի քանի բեռներ կլինեն,— իմ շարժական դեղարանը, իմ գործիքները և այն բոլոր հնությունները, որ հավաքել եմ։ Բացի դրանցից, ինձ հարկավոր է մի քանի նշանավոր տեղեր հետազոտել. քարավանի դանդաղ ընթացքը կնպաստեր ինձ՝ ցանկացած Ժամանակ շեղվել ճանապարհից՝ այդ տեղերը տեսնելու համար։

— Միայն, երբ քարավանից բաժանվելու լինեք, անպատճառ հարկավոր է, որ ձեզ հետ ձիավորներ վերառնեք,— խորհուրդ տվեց առաջնորդը։

— Այդ ես գիտեմ, սրբազան հայր, ես բավական փորձված եմ Ասիական ճանապարհորդությունների մեջ։ Թեև այս կողմերում չեմ եղել, բայց Միջին Ասիայում շատ եմ թափառել։

Վերջապես ընթրիքը տվեցին։ Գորգերի վրա տարածվեցավ սեղանի գունավոր սփռոցը, և կերակուրները, որքան պատրաստված էին, պղնձյա բոլորակ սինիների վրա դասավորած, միանգամից ներս բերվեցան։ Նրանք բազմատեսակ էին։ Բազմատեսակ էին և քաղցր շերբեթները, զանազան համեմներով և զանազան գույներով։ Ոգելից ըմպելիքները, գինի, արաղ, դրվեցան միայն առաջնորդի, Ասլանի և երեք հայ երևելիների մոտ։ Մյուսները շերբեթ էին խմում։ Չինական գեղեցիկ ամանները մի առանձին ախորժակ էին բաց անում։ Նախկին վիճաբանությունները արեցան, որովհետև այստեղ, ինչպես առհասարակ արևելքում, սեղանի վրա շատ չեն խոսում։ Տիրում էր կատարյալ լռություն, որովհետև դանակ և պատառաքաղ չկար, որ աղմուկ բարձրացներ։ Ամենքը մատներով էին ուտում։ Խոսում էր միայն առաջնորդը։ Նա գովում էր իր խոհարարին, թե նա Պոլսում այսինչ և այնինչ նշանավոր փաշաների տներումն է ծառայել և հազիվ թե ամբողջ Վանի մեջ նրա հատը կգտնվի։ Վերջին խոսքը բավական վիրավորական լինելով փաշայի հարուստ խոհանոցի պատվին, նա էլ սկսեց գովաբանել իր խոհարարին, մի զարմանալի օրինակ բերելով նրա արհեստից, թե նա հավը այնպես է պատրաստում, որ բոլոր ոսկորտիքի միջից դուրս է հանում, իսկ հավը դարձյալ մնում է ամբողջ։ Գուցե այդ վիճաբանությունը երկուսի մեջ երկար տևեր, եթե Սիմոն պատվելին իր երգեցիկ խումբի հետ ներս չմտներ։ Նա այս գիշեր բավական զարդարված էր։ Իր սովորության հակառակ, նա հագած ուներ մի