Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին նոր լվացված շապիկ։ Սիմոն պատվելիի այդ նշանավոր շապկի պատմությունը ինձ համար ավելի հետաքրքրական լինելով, ես թողնում եմ առաջնորդի ճոխ սեղանի նկարագրությունը։ Պետք չէ մոռանալ, որ պատվելին ուներ մի հատ շապիկ միայն և այդ լվացվում էր տարվա ընթացքում մի կամ երկու անգամ, այն ևս մեծ տոների ժամանակ, թեև լվացքը նրան ոչինչ չարժեր, որովհետև տալիս էր իր աշակերտներից մեկին, և նա իր մորը լվանալ էր տալիս։ Բայց Սիմոն պատվելիի կարծիքով, երր շապիկը հաճախ էր լվացվում, նա խիստ շուտով էր մաշվում։ Արդյոք ա՞յդ էր, որ նրան առիթ էր տվել զանց առնել մաքրության գլխավոր պայմանը, թե նա առհասարակ մաքրասեր չէր,— այդ դժվար է լուծել։ Միայն նրա տնտեսագիտությունը այդ կետից պետք էր սխալ համարել․ իրավ է, շապիկը հաճախ լվացվելով շուտով է մաշվում, բայց կեղտի մեջ մնալով, բոլորովին փտում է։ Այդ էր պատճառը, որ Սիմոն պատվելիի շապիկը լվացվելուց հետո, միշտ կարոտ էր կարկատանների։ Երբ մոտենում էր մեծ տոնը, երբ անբախտ շապիկը տարվում էր աշակերտի մոր տունը, մինչև նրա վերադարձը, որ երբեմն երկար էր տևում, Սիմոն պատվելին իր կուրծքը սովորաբար ծածկում էր քթի գունավոր թաշկինակով, որի ճոթերը կապած էին շինում վզի ետևից, ծոծրակի վրա։ Այդ տեսնում էին աշակերտները, տեսնում էին և աշակերտների ծնողները, գուցե դրանից ծագեց այն հանգամանքը, որ Սիմոն պատվելիի շապկի լվացումը դպրոցի ժամանակադրության մեջ մի առանձին տեղ էր բռնում։ Նրա աշակերտների լեզվում կազմվել էր մի այդպիսի ւրախոսություն ամեն մի վաղաժամանակյա դեպքի մասին ասել — «այդ անցքը շատ հին է և այնքան հին, որ Սիմոն պատվելին իր շապիկը դեռ նոր էր լվանալ տվել»։ Այժմ, կարծեմ, հասկանալի է, թե Սիմոն պատվելին որքան մեծ հարգանք ուներ դեպի առաջնորդի դահլիճը, որ ներկայացրել էր այնտեղ լվացված շապիկով։ Երեսը խնամքով ածիլած էր և, երևի շտապելուց մի քանի տեղ ածելին կտրել էր։ Կտրած տեղերի վրա բամբակ էր կպցրած։ Սիմոն պատվելիի ածիլվելը նույնպես մի նորություն էր։ Նա մորուք չէր սիրում, բայց երեսը խիստ հազիվ անգամ էր ածիլում, Այդ էր պատճառը, որ ածիլվելուց հետո, նրա դեմքը ստանում էր երկու գույն՝ մազերից ազատ տեղերը՝ մուք-աղյուսագույն, իսկ մազերով պտտած տեղերը՝ բաց-աղյուսագույն։ Նայելով օրվա ժամանակին, եղանակին, նայելով թե նա խմած էր, թե զգաստ էր, Սիմոն պատվելիի