իրան շատ երջանիկ կհամարե, եթե դուք կհարգեք նրան, ընդունելով այդ նվերը, որ նորին վսեմության ախոռատան ընտըրյալներիցն է։
Ասլանը նույնպիսի փքած խոսքերով հայտնեց իր շնորհակալությունը և, բռնելով քարտուղարի ձեռքից, սանդուղքներով տարավ վերև, իր սենյակը։ Երբ նստեցին, քարտուղարը ծոցից հանեց թղթերը և, առանձին-առանձին տալով Ասլանին, ասաց.
— Այդ ձեր անցագիրն է, որ մենք ևս վավերացրինք, այդ նորին վսեմության փաշայի նամակն է Մուշի գայմագամին գրած, այդ մի բաց հրաման է, որ ամեն տեղ կառավարության պաշտոնակալները մատուցանեն ձեզ պարտ ու պատշաճ ընդունելություն և ցույց տան ձեզ ամեն տեսակ պատրաստականություն ձեր ճանապարհորդությունը դյուրացնելու։
— Շնորհակալ եմ,— ասաց Ասլանը, ընդունելով թղթերը:— Նորին վսեմությունը չափազանց ողորմած է գտնվել դեպի ինձ։
Իսկույն սուրճ և նարգիլե ներս բերեցին։ Քարտուղարը անլռելի կերպով խոսում էր, արդյոք գո՞հ մնաց պարոն բժշկապետը իր այցելություններից Վան քաղաքում, արդյոք նա ի՞նչ տպավորություններ կտանե իր հետ, հետո հայտնեց իր խորին փափագը, թե որքան կցանկանար գոնե մի անգամ Եվրոպայում լիներ, տեսնել ֆրանկների երկիրը, ասում են, այնտեղ կանայք բաց երեսներով են ման գալիս, ազատ, համարձակ ամենի հետ խոսում են, գիշերները հավաքվում են, տղամարդիկ և աղջիկները միասին պար են գալիս և այլն, — այդ բոլորը այնքան հրապուրում էր երիտասարդ քարտուղարին, որ նա բոլորովին մոռացավ, թե մեզանից ժամանակ է խլում, թե մենք ճանապարհորդ ենք։
Նրա շատախոսությանը վերջ տվեց Ասլանը, դնելով նրա առջև հարյուր ոսկի, փաթաթած թղթի մեջ։
— Թեև ձեր ծառայությունը ավելի մեծ գնահատության արժանի է, —ասաց նա,— բայց կխնդրեմ, ընդունեցեք այդ փոքրիկ նվերը իմ կողմից։
— Խնայեցեք ինձ, պարոն բժշկապետ,— ասաց քարտուղարը հրաժարվելով,— դուք այդ երկրորդ անգամն է, որ ինձ ամաչեցնում եք. ես հավիտյան չեմ մոռանա այն գեղեցիկ ժամացույցը, որ դուք ընձայեցիք ինձ բերդի հնությունները տեսնեու ժամանակ. ամբողջ քաղաքում իրա նմանը չկա, ամեն մարդ, ով որ տեսնում է, հիանում է: