ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը։ Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրանց տնտեսությունը։ Նախ տարավ ինձ մառանը։ Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն։ Այստեղ, մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները։ — Այդ բոլորը մեր այգիիցն է,— ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ։ Մյուս կողմում, զանազան փոքրիկ թակույկների (տուճիկ) մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարներից։ Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն։
— Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե,— հարցրի ես զարմանալով։
— Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն,— պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով,— Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել, նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք։
— Գնե՞լ եք այդ ամենը։
— Ոչինչ չենք գնել։ Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել։ Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանը բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու։ Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՝ մորթած միսը և թե՝ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին։ Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում։ Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով։ Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ—բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն։ Դրանք պահոց օրերի համար էին։
— Բացի բրինձից,- ասաց պառավը,- մնացած բոլորը մեր