վրա, որպես մի բացառիկ, արտակարգ հարկ, որ կոչվում է խալաթ-փուլի, այսինքն խալաթի փող։
— Տեսնո՞ւմ ես,— ավելացրեց նա,— թագավորը իր հին հագուստները ուղարկում է նահանգապետներին, նահանգապետները փառք են վայելում, իսկ ծախքերը խեղճ գյուղացին է տուժում…
Հետո Ասլանը բացատրեց և այն, թե ո՛րքան նշանակություն ունեն մեծ մարդկանց հագուստները։ Գանահարությունը սովորական պատիժներից մեկն է արևելքում։ Երբ մի երևելի պաշտոնակալին պետք էր գանահարության ենթարկել, փոխանակ նրա անձը գանելու, տանում են նրա վերարկուն և հրապարակի վրա ծեծում են։
— Երևի, եթե այդ վերարկուն թագավորից ստացված լիներ, չէին համարձակվի այնպես վարվել նրա հետ։
— Անտարակույս։ Բայց և այն պետք է ի նկատի ունենալ, որ եթե նահանգապետը մի տարի խալաթ չստացավ, նա կկորցնե իր բոլոր նշանակությունը. այդ արդեն նշան կլինի թագավորի դեպի նա ունեցած սառնությանը, և ժողովուրդը այլևս նրանից չի վախենա։ Դու տեսար գիշերը այստեղի փաշային. չնայելով առաջնորդարանի սաստիկ տոթին, նա մեծ բավականությամբ հագած ուներ այն թանձր մուշտակը, որը այս տարի սուլթանից է ստացել։
Ասլանը բացատրեց ինձ, թե որքան ուրիշ շահեր ևս կապված են խալաթների բաշխման հետ։ Խալաթ բերողները, ըստ մեծի մասին, լինում են արքունիքի սպասավորները և սենեկապետները։ Այդ մարդիկը ամենևին ռոճիկ չեն ստանում։ Բավական էր նրանց մի այսպիսի ծառայություն կատարել, մեկի համար խալաթ տանել, և նրանց մի քանի տարվա ռոճիկը կարելի էր միանգամից ստացված համարել։
— Ինչպես փաշայի քարտուղարինը,— ընդմիջեցի ես։
— Այո՛, նա ևս ռոճիկ չունի, կամ թե ունի, անպատճառ շատ չնչին բան կլինի։ Նրա եկամուտները բխում են գլխավորապես այդ տեսակ հանձնարարություններ կատարելուց, երբ փաշայից մեկի համար ընծա է տանում։
Սկսյալ սուլթանի պալատից մինչև վերջին մուդիրի գրասենյակը, ամեն տեղ նույն կարգերն են տիրում, մեծերը ընծաներ են տալիս փոքրերին և նրանցից փող են ստանում, և այսպես կաշառակերությունն աստիճանաբար վերևից իջնում է ցած։ Հարցրեք