Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես բարեխիղճ կերպով կատարեին իրանց պաշտոնը, որպես այդ սպիտակ ջորին..․

«Փիշանգը» արժանի է նկարագրության։ Լինում է ձմեռ, թանձր ձյունը ծածկում է ճանապարհների բոլոր շավիղները, բոլոր հետքերը։ Դարուփոսեր հավասարվում են, և առջևում դրած է ձյունային ընդարձակ, հարթ տարածություն։ Նեղ հորիզոնը միախառնվում է մառախլապատ երկնքի հետ։ Դեպի ամեն կողմ նայում ես, ոչինչ չես տեսնում։ Ճանապարհը նշաններ չունի. ո՞ւր պետք է գնալ։ Ցուրտը սառեցնում է և կատաղի քամին ձյունային թանձր փոշին պտտեցնում է օդի մեջ։ Սարսափելով մտածում ես ահա ամբողջ քարավանը կկորչի։ Կանհետանա սպիտակ թանձրության ներքո։ — Անապատի միջով գնալիս, քամին, մրրիկը, նույն գործողությունն են կատարում ավազի հետ, որպես ձմեռը ձյունի հետ։ Բոլոր ճանապարհները ծածկվում են ավազի ներքո։ Դեպի երկինք նայում ես՝ ավազ, դեպի գետին՝ ավազ, ավազային մոխրագույն փոշին լցրել է ամեն տեղ։ — Տագնապի և ճգնաժամի միջոցներում օգնության է հասնում «փիշանգը»։ Նա, որպես մարմնացած բնազդում, գիտե ուղիդ ճանապարհը, որքան էլ ծածկված լիներ ձյունի կամ ավազի ներքո։ Իր հզոր կուրծքով պատառում է նա ձյունը և քարավանը առաջ է տանում։ Ամեն ինչ սառել է, մարդկանց աչքերի թերթերունքից անգամ կախ են ընկած սառցային լուլաներ։ Բայց նրա մարմինը պատած է սպիտակ փրփուրով և ջերմ գոլորշին թանձր սյուներով դուրս է հոսում լայն պնչածակերից։ Երբ մի տեղ ճանապարհը նրան երկբայական է թվում, նա զգուշությամբ կանգ է առնում։ Ամբողջ քարավանը նույնպես, նրա ետևում, դադարեցնում է իր ընթացքը։ Նա խորին ուշադրությամբ գլուխը այս կողմ ու այն կողմ է դարձնում, ականջները ցցում է, կարծես հողմերի ընթացքն է ուզում հետազոտել։ Նայում է դեպի երկինք, կարծես աստղերի ուղին է ուզում դիտել։ Դունչը տանում է դեպի գետին և հոտ է քաշում, ստուգելու արդյոք անցե՞լ էր այնտեղից մի որևիցե արարած։ Մի մեղմ խրխինջ արտահայտում է նրա սրտի ուրախությունը։ Նույն ուրախությունը անցնում է անասունների ամբողջ շղթայով. բոլորը ընդհանուր ձայնով խրխնջում են։ Նրանց առաջնորդը գտավ ուղին, փոխեց քայլերը։ Եվ ամբողջ շղթան շարժվում է նրա ետևից։ — Գիշերային խավարը նրա համար չէ։ Նրա երկու լուսափայլ աչքերը՝ երկու լապտերներ են, որ առաջնորդում են նրան։ Երբեմն նա սարերի, ձորերի միջով է գնում կամ խորին անդունդների եզերքով