որը մի մեծ մատնոցի չափ հազիվ կլինի։ Այդ երկուսի պատրաստությունը բավական հոգսերի է կարոտ, կրակ է հարկավոր, ջուր է հարկավոր և, վերջապես, զանազան անոթներ են հարկավոր։ Նրա ծառան այդ բոլորը իր հետ ունի։ Նրա նստած ջորիի մի կողքից, երկաթյա շղթայից քարշ է ընկած մի թաղարաձև մանղալ, որի մեջ որմզդական հուրի նման, պահվում է մշտավառ ածուխը։ Ջորիի մյուս կողքից, հաստ կաշյա տիկի մեջ, քարշ է ընկած ջուրը։ Ջուրը մահմեդականի ամենաանհրաժեշտ պիտույքն է, որ միշտ պետք է իր հետ ունենա։ Գուցե այդ է առիթ տվել, որ այդ տիկերի պատրաստությունը զարմանալի կերպով կատարելագործված է արևելքում։ Նրանք ջուրը և՛ սառն են պահում, և՛ ամենասաստիկ տոթերի ժամանակ երբեք չէ հոտում։ Կաշին արհեստավորի շնորհիվ դարձել է մի տեսակ խեցեղեն աման, որ ազատ թույլ է տալիս օդի հաղորդակցությունը ջրի հետ։ Նույն ջորիի վրա, զանազան անոթների մեջ կա և թրջած թամբաքու և սուրճի բոլոր պարագայքը։ Բավական է, որ ծառան լսում է իր տիրոջ հրամանը —«ղահվե՛, նարզիլե՛»։ Ծառան իսկույն պատրաստում է նախ ղահվեն, ապա նարգիլեն, մատուցանում է իր տիրոջը։ Հետաքրքիր է նայել այղ տեսարանի վրա։ Ծառան նարգիլեն բռնած ունի իր ձեռքում, իսկ երկար օձի նման գալարվող, կաշյա ծխաքարշի ծայրը գտնվում է տիրոջ բերանում։ Ջորիները գնում են, իսկ տերը մեծ բավականությամբ ծխում է, կարծես իր տանը լինի։
Քարավանի մեջ կային և մի խումբ չինգանաներ (ցիգաններ) իրանց կապիկներով և պար եկող տղաներով ու աղջիկներով։ Տղաների, աղջիկների և կապիկների վրա հավասար կերպով խնամք էին տանում։ Այդ թռչկոտող արարածները նստած էին ավանակների վրա, իսկ նրանց տերերը գնում էին ոտով։ Այդ ուրախ, թափառական խումբը, որ ճանապարհի բոլոր ընթացքում միշտ երգում էր, ծիծաղում էր, կատակներ էր անում, իր վրա էր դարձրել ամբողջ քարավանի ուշաղրությունը։
Կային և մեկ խումբ վանեցի մշակներ, որոնք մերձակա գյուղորայքից էին։ Դրանք պանդխտությունից էին վերադառնում։ Ո՜րքան հեռու տեղից էին գալիս և ո՞րքան ժամանակ բացակա էին հայրենիքից,— այդ երևում էր նրանց և ախծայի դեմքերից։ Բայց որքան մոտենում էին հայրենի տնակին, այնքան նրանց դեմքերը հետզհետե զվարթանում էին։ Նրանցից և ոչ մեկը գրաստ