Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չուներ։ Մի-մի պարկ ուսներին կապած, ուղևորի երկար ցուպը ձեռներին, այրված, սևացած արևի բոցերից, գնում էին ոտով։

Թափառական չինգանե՜, թափառական վանեցի՜։ Երկուսի մեջ սերտ համեմատություն կա։ Զանազանությունը նրանումն է միայն, որ մեկը հայրենիք, տուն ու տեղ չունի, այլ, որպես աշխարհաքաղաքացի, թափառում է ամբողջ աշխարհում։ Իսկ մյուսը ամեն ինչ ունի՝ և հայրենիք, և՛ ընտանիք, և՛ հայրենական տուն ու տեղ, բայց դարձյալ թափառում է և օտար երկրներում հաց է որոնում։

Քարավան-բաշին (քարավանի պետը) ազգով հայ էր, հայտնի Թոխմախ-Արթինը, որը, բնիկ արզրումցի լինելով, սովորություն ուներ ամեն խոսքի մեջ կրկնել այդ առածը՝ «մինչև չպղտորվի, չի պարզվի»։ Նա առանց պատճառի չէր ստացել իր թոխմախ մականունը, որ նշանակում է երկաթյա մեծ կռան, որով դարբինները երկաթ են կռում ու կոփում։ Միջին հասակով մարդ էր Արթինը, ամրակազմ, որպես ծառի բուն։ Նրա խոշոր դեմքի վրա մազերից ազատ մնացել էր միայն քիթը և ճակատի մի փոքրիկ մասը։ Մինչև անգամ ականջները ծածկված էին խիտ ու կոշտ մազերով։ Նա սովորություն ուներ ինքն իրան ծաղրել, ասելով, թե մայրը իրան գողացել է արջերի որջից։ Բայց երբ խոսում էիր այդ կոշտ ու կոպիտ մարդու հետ, նրա դեմքի խոշոր գծերը մեղմանում էին և կարծես հետզհետե գեղեցկանում էր նա։ Այն խիստ և կարծր կեղևի մեջ կար ազնիվ սիրտ, կային և ազնիվ զգացմունքներ։ Նստած մի սև նժույգի վրա, հրացանը ուսին, ատրճանակները թամքի ղաշին կապած, թուրը գոտիից քարշ ընկած, նա կայծակի արագությամբ մի րոպե քարավանի առջևումն էր, մյուս րոպե՝ նրա ետևումը։ Ճանապարհների և անցքերի բոլոր վտանգավոր տեղերը գիտեր նա։ Երբ այսպիսի տեղերի էր հասնում, բաժանվում էր քարավանից, հեռանում էր, բարձրանում էր բլուրների վրա, դիտելու՝ արդյոք ճանապարհը ազա՞տ էր ավազակներից, թե փակել էին անցքը։

Թոխմախ-Արթինը մոտ հիսուն տարեկան կլիներ, բայց դեռ պահպանել էր իր երիտասարդական աշխույժն ու կայտառությունը։ Քսան տարիից ավելի նա ջորեպան էր։ Ամբողջ Փոքր Ասիան, Արաբիան, Միջագետքը մինչև Եգիպտոս նրա քարավանի ընդարձակ ասպարեզն էր։ Շատ անգամ բեռներ էր վերառնում դեպի Կովկաս, Պարսկաստան և հասցնում էր մինչև Սպահան, Շիրազ և Բանդար-Բուշեր։ Նրա հավատարմությունը օրինակելի էր։ Վաճառականները