Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ:

Հետո անցանք թոնրատունը: Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում: Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին: Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը: Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան: Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ: Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարսը ձայն չուներ տնային տնտեսության մեջ:

Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված, մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար: Այստեղից մտանք հացատունը: Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ-կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված: Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ և նախշուն թաղիքներ: Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած, աչք էին շլացնում: Այստեղ ևս անկողինները, իրանց բոլոր պարագաներով կապած, կարգով դարսված էին ծալքերի վրա: Ո՞ւմ համար` վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար: Պառավը փարատեց իմ մտատանջությունը` ասելով.

– Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել. հարյուր հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել: Բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փոխ առած լինեինք: Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք, և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել: Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի. բայց այն ժամանակ ես իմ աշխատանքով էի ապրում: Իսկ երբ որդիս մեծացավ, աստուծո ողորմածությամբ, հոր դատարկված տունը նորից լցրեց: Հիմա շատերը, որոնք առաջ ծիծաղում էին մեզ վրա և մարդի տեղ չէին դնում, հիմա նախանձում են:

Պառավի խոսքերը, և այն բոլորը, որ ես տեսա, իմ մեջ զարթեցրին և՛ ուրախ, և՛ տխուր մտածություններ: Ուրախալի էր ինձ