Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնելիս, ասել նրան. «ամեն ինչ քո մեջ լավ է, միայն մի բան պակաս է, որ մահմեդական չես»:

Պարսիկը բաժանում է ոսկիների մի մասը և առաջարկում է Արթինին, բայց նա շնորհակալությամբ մերժում է, ասելով.

– Ինչո՞ւ եք տալիս ինձ այդ ոսկիները. իմ պարտքն է ձեր ավանդը ամբողջությամբ կա՛մ տեղ հասցնել, կա՛մ ձեզ վերադարձնել: Եվ եթե ելուզակները չտարան, այդ ձեր բախտիցն էր:

Արթինը իր կյանքում դժբախտություններ, աղքատություններ շատ էր կրել, բայց երբեք նրա մեծահոգությունը թուլացած չէր: Վերջին անգամի դժբախտությունը ավելի ծանր եղավ: Վարակիչ հիվանդությամբ նրա ջորիները համարյա բոլորը կոտորվեցան: Նա մնաց առանց մի փարայի, և բացի դրանից մասնավոր պարտքեր ևս ուներ: Բոլորը կատարելապես սնանկացած էին համարում նրան: Շատ չանցավ, կարծես մի հրաշքով կրկին կազմակերպեց նա իր քարավանը և հարյուրից ավելի ջորիներով դղրդեցնում էր Արզրումի լեռները: Այդ հաջողությունը նրա բոլոր ծանոթներին զարմացրեց. մտածում էին, թե նա ո՞րտեղից ձեռք բերեց այդքան փողեր: Մարդկանց երևակայությունը զանազան կարծիքներ ստեղծեց նրա մասին. ոմանք ասում էին, թե նա մի մեծ գանձ է գտել, ոմանք ասում էին, թե նրա բարեկամ վաճառականները մի բավական նշանավոր գումար հավաքեցին և տվեցին նրան, որ կրկին կազմակերպե իր քարավանը, ոմանք ավելի հեռու էին գնում, ասելով, թե նա մի «անհայտ ձեռքից» փող է ստացել և այլն: Թե այդ կարծիքներից ո՞րն էր ուղիղ, ո՞րն էր սխալ, այդ ավելորդ է քննել. այդքանը միայն ճշմարիտ էր, որ այժմ նրա ջորիներն ամենաընտիրներն էին, և նա Արզրումի հայ ջորեպանների մեջ առաջինն էր համարվում:

Երեկոյան մութը դեռ բոլորովին չէր պատել, դեռ բավական լույս կար, երբ մեր քարավանը անցնում էր Արտամեդի միջով: Արտամեդը առաջ մի փառավոր քաղաք էր, իսկ այժմ` մի փառավոր ավան: Նա ուներ մոտ հինգ հարյուր տուն բնակիչ, որոնց կեսից ավելին մահմեդականներ էին: Այդ ավանը Վանից երկու ու կես ժամ հեռավորություն ունի, գտնվում է լայնանիստ, եռանկյունաձև բարձրության վրա, որը, հետզհետե խոնարհվելով, իջնում է մինչև ծովեզրը:

Գեղեցիկ է Արտամեդը իր ընդարձակ այգիներով, գեղեցիկ է նա իր բարձր, սքանչելի, ծովահայաց դիրքով: Տասնևութ դար առաջ այդ բարձրությունների վրա կանգնած էին Արտաշես Բ-ի