հրաշալի ապարանքները, նրա ամրոցները` հզոր աշտարակներով ու պարիսպներով: Իսկ այժմ նրանց տեղում կանգնած է թուրք բեյի անշուք տնակը: Տասնևութ դար առաջ Արտամեդի բուրաստաններում, իր նաժիշտների նազելի խումբով ճեմում էր Սաթենիկ տիկինը, ալանաց գեղեցկուհին, Արտաշեսի սիրելին: Իսկ այժմ, ծառերի հովանիի ներքո թրքուհի խաթունն է իր թուլամորթ ամուսնին փայփայում: Տասնևութ դար առաջ Աստղկա հոյակապ տաճարն էր կանգնած բլուրի գագաթի վրա և իր մարմարյա սյունազարդ ճակատով նայում էր դեպի լայնածավալ, կապուտակ ծովը: Հայոց դեռահաս աղջիկները ամեն առավոտ զարդարում էին սիրո դիցուհու տաճարը թարմ ծաղիկներով և նրանից բախտ խնդրում:
Ասլանը մի քանի հետաքրքիր հնություններ ևս ցույց տվեց ինձ այստեղ:
Նա ցույց տվեց մի վիմափոր աղբյուր, որ գտնվում էր հայոց թաղի մոտ, ուղիղ ճանապարհի եզրի վրա, որը տանում է դեպի Ոստան, Բաղեշ, Մուշ և այլն: Մարդու հասակի բարձրության չափով և բավական լայն փորված է ժայռը և ներս տարած: Այդ վիմափոր խորությունից դուրս է հոսում մի ջրաղաց բանեցնելու չափ մաքուր և սառն ջուր: Այդ հորդաբուխ աղբյուրը պահպանել էր մինչև այսօր մի ավանդություն, որ խիստ բնահայտիչ է Արտամեդի հեգնասեր աղջիկներին, որոնք, սկսյալ Աստղկա օրերից, պահպանել են ուրախ, մշտածիծաղ բնավորություն և սիրող, մշտաբորբոք սիրտ: Տասնևվեց դար առաջ այդ աղբյուրի մոտով անցնում էր Հակոբ Մծբնա հայրապետը, Գրիգոր Լուսավորչի հոր քեռորդին: Նա վերադառնում էր Արարատից, ուր ջերմ փափագով գնացել էր Մասիսի գագաթը բարձրանալու և Նոյի տապանը տեսնելու: Նա բարձրացավ մինչև կեսը. այնտեղ մի խորին քուն տիրեց նրան: Աստծո հրեշտակը, խնայելով նրա ծերությանը, տվեց տապանի տախտակներից մեկը, ասելով, որ անհնարին կլինի նրան մինչև գագաթը բարձրանալ: Տապանի այդ փոքրիկ մասը գոհացրեց հայրապետի բաղձանքը, և նա մեծ ուրախությամբ հեռացավ Արարատից, իր հետ բերելով թանկագին ավանդը: Անցնելով Արտամեդից, նա մոտեցավ հիշյալ աղբյուրին իր ծարավը զովացնելու: Արտամեդի կատակասեր աղջիկները այդ միջոցին ջուր էին լցնում աղբյուրից: Տեսնելով ծերունուն, սկսեցին ծաղրել նրան: Հայրապետը անիծեց անպարկեշտներին, և բոլորի սև ծամերը սպիտակացան: