մոտ, վարդենիների հովանիի տակ, կանաչ խոտերի վրա։ Թագուհին, գիսակների երկար հյուսերը արձակած, սանրվում էր։ Այդ միջոցին գաղտագողի կերպով մոտեցավ ծերունի նահապետը և, իմանալով, որ թագուհու հրապուրանքների բոլոր գաղտնիքը հուլունքների մեջն է, խլեց մանյակը, սկսեց փախչել դեպի ծովը։ Զայրացած թագուհին, այնպես հերարձակ, վազեց ծերունու ետևից։ Երբ չկարողացավ հասնել, իր անհնարին կատաղության մեջ, խլեց մի ահագին քարաժայռ և, գլխի երկար մազերին պարսատիկի ձև տալով, ժայռը դրեց նրա մեջ և նետեց ծերունու ետևից։ Ժայռը չդիպավ և, անցնելով ընդարձակ տարածություն, ընկավ Արտամեդի մոտ, մի փոսի մեջ։ Իսկ ծերունին վազելով հասավ մինչև Դատվանի ծովեզերքը, ձգեց ծովի մեջ կախարդական հուլունքները և երկիրը ազատեց հեշտասեր թագուհու խարդավանանքից։ Արտամեդի երգիչները երգ հորինեցին և այն երգի խոսքերից իր գրքի մեջ ժլատ Խորենացին հիշում է երեք բառ միայն — «Ուլունք Շամիրամա ի ծով»։
Ասլանը, ցույց տալով ինձ հիշյալ քարաժայռը, ասաց.
– Դիմեցեք յուրաքանչյուր արտամեդցուն, նա այդ բոլորը կպատմե ձեզ։ Զվարճալի Արտամեդը ստեղծել է երգիչներ, բանաստեղծներ, ինչպես զվարճալի Գողթնիքը։ Բայց ո՞ւր են նրանց վաստակները։ Ժողովրդի բերանում մնացել է միայն հին ավանդությունը։ Ավելի քան չորս հազար տարվա ավանդությունը դեռ պահպանել է նա։ Մի այդպիսի ավանդապահ ժողովուրդ երբեք չի մեռնի, և ա՛յդ է, որ նրան պահպանել է ժամանակների ամենածանր հարվածներից։ Ով որ իր անցյալը չէ մոռանում, ներկայի մասին նա կարող է հոգալ։ Նայեցեք մեր շուրջը, ամեն մի ժայռ, ամեն մի ավերակ, ամեն մի բլուր, ամեն մի աղբյուր և առվակ ձեզ մի բան կպատմե ամենահին անցյալից։ Եվ այդ պատմությունների մեջ դուք կտեսնեք երկրի ու ժողովրդի անցյալ մեծությունը…
Հայրենի երկրի հիշատակները տեսնելիս, հայրենի երկրի ավանդությունների վրա խոսելիս, Ասլանին տիրում էր մի առանձին ոգևորություն, և նրա զգայուն սիրտը լցվում էր անսահման հոգեզմայլությամբ։ Հնությունները և շրջակա տեսարանները նրան բոլորովին մոռանալ տվին, որ քարավանը անցել էր, և մենք բավական ետ էինք մնացել։ Երբ հիշեցրի այդ, նա պատասխանեց.
– Կգնանք, կհասնենք, բայց քեզ հարկավոր է այդ բոլորը իմանալ։