Հայոց եկեղեցիների, մատուռների և զանազան սրբավայրերի ավերակներով լի է Արտամեդը։ Նրանց խաչերով զարդարած քարերը, սրբապիղծ մահմեդականների տների շինվածքներին երկար տարիներ ծառայելուց հետո, տակավին մեծ մասը տխուր, սրտատոչոր կույտերով, մնում են իրանց տեղում։ Բայց ինձ այնքան չէին գրավում այդ քրիստոնեական ժամանակների ավերակները. նրանցից շատ էի տեսած։ Ինձ գրավում էին այն վիմափոր սենյակները, մեծ-մեծ այրերը, որ գտնվում էին ժայռերի մեջ։ Նրանք իմ վրա մի անբացատրելի, խորհրդավոր ազդեցություն էին գործում։ Ինձ գրավում էին երկու ահագին ժայռեր, որոնց ճակատը պատած էր բևեռագիր արձանագրություններով։ Ո՜րքան դարեր էին սահել այդ հնությունների վրա, որքա՞ն ազգեր եկել, անհետացել էին, իսկ նրանք տակավին մնում էին։
Արտամեդում լինել և Արտամեդի հոտավետ, անուշահամ խնձորը չուտել, դա մի հանցանք է։ Երբ պատրաստվեցանք ճանապարհ ընկնելու, նկատեցի, որ մի փոքրիկ աղջիկ, ճանապարհի եզրում նստած, իր առջև դրել էր մի մաղ լի խնձորներով։ Ես մոտեցա։
– Ծախո՞ւմ ես։
Նա գանգրահեր գլուխը շարժեց և, նստած տեղից չշարժվելով, նայեց իմ երեսին։ Նրա թշերը կարմրեցան, ինչպես իր առջև դրած խնձորները։
– Ո՞րքան արժե։
– Հինգ փարա։
– Մաղն էլ հե՞տը։
– Չէ՛, ես էլ հետը։
Արտամեդուհին ցույց տվեց իր սրախոսությունը։
Հինգ փարա, գիտե՞ք որքան է, երկու կոպեկ։ Մի ամբողջ մաղ լի խնձորներով՝ երկու կոպեկ։ Իմ թաշկինակը հազիվ կարողացավ վեր առնել քառորդ մասը, մնացածը թողեցի։
– Տո՛ւր նրան մի բան ավելի,– ասաց Ասլանը,– երևում է, որ շատ աղքատ է այդ սիրուն աղջիկը։
Երբ ստացավ ինձանից մի արծաթյա հինգ ղուրուշանոց, մոտեցավ Ասլանին, խնդրում էր նրա ձեռքը համբուրել։
– Մեր կողմերում տղամարդիկ են համբուրում աղջկա ձեռքը,– ասաց Ասլանը և նրա ձեռքը սեղմեց իր շրթունքների վրա։
Աղջիկը ժպտաց և շնորհակալությամբ հեռացավ։ Նրա գեղեցիկ մարմինը երևում էր քրքրված ցնցոտիների ճեղքերից։