Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես նայեցի Ասլանի տխրամած երեսին, և այդ երկրորդ անգամն էր, որ տեսնում էի նրա աչքերում արտասուք։ Ես հավատացած էի, որ ամենագեղեցիկ իշխանուհիների ձեռքը չէր համբուրի նա, իսկ այդ աղքատ աղջիկը նրա սիրտը շարժեց։

Մենք նստեցինք մեր ձիաները և ճանապարհ ընկանք, խիստ տխուր հիշողություններ տանելով մեզ հետ Արտամեդից։

Արտամեդը համարյա մի դուռն է, որտեղից պետք է մտնել Հայոց Ձորը՝ մեր Հայկ նահապետի սխրագործության վայրը։

Զով գիշերը նպաստել էր քարավանին բավական ճանապարհ կտրել։ Մեր ձիաների սրարշավ ընթացքով մենք հազիվ կարողացանք հասնել նրան այն ժամանակ, երբ նա արդեն հասել էր Անգղ գետի ափի մոտ և այնտեղ, կանաչազարդ մարգադաշտի վրա, պատրաստվում էր իջևանել։

Քարավանապետի ծառաները շտապով ցած էին բերում ջորիների կռնակից բեռները և կարգով դարսում էին միմյանց վրա։ Նրանց շարքերը բարձր ամբարտակների ձև էին ստանում։ Հետո, երբ բոլոր գրաստների բեռները ցած էին դրած, վեր առին նրանց համետները, քորոցներով քորեցին, թիմարեցին, քրտինքը ցամաքեցրին և ապա, հրացաններով զինված, տարան ջորիները իջևանից հեռու մերձակա տեղերում արածացնելու։ Ճանապարհորդները, յուրաքանչյուրը իր ընկերի հետ, խումբ-խումբ տեղավորվեցան գետի ափերի մոտ, իրանց շուրջը հավաքելով իրանց իրեղենները։ Կապերտները և գորգերը տարածեցին փափուկ խոտերի վրա, անկողինները բաց արին, մութաքաները դրեցին և մի առանձին բավականությամբ նստեցին։ Ոմանք գետի ափի մոտ լվացման ծեսն էին կատարում, որ հետո նամազ անեն։ Ոմանք այդ ծեսը կատարել, վերջացրել էին և, բաց երկնքի ներքո, կանաչ խոտերի վրա չոքած, նամազ էին անում։ Ոմանք նամազը վերջացրել էին իրանց տեղերում նստած, «տերողորմյայի» հատիկները դարձնելով, նրանց թվի համեմատ, լռությամբ ավելորդ աղոթքներ էին կարդում, մինչև ծառաները ընթրիք կպատրաստեին։ Մահմեդականը ճիշտ է իր կրոնական պահանջների մեջ և ճանապարհորդության ժամանակ։ Այդ ի նկատի առնելով, քարավանի պետը, թեև քրիստոնյա էր, բայց ճանապարհորդության ընթացքը այնպես էր հարմարեցրել, որ նրանց միջոց տա իրանց պարտավորությունները իրանց ժամանակին կատարելու, և այդ շատ հաճոյական էր մահմեդականներին, որոնք միշտ քարավանի մեծամասնությունն էին կազմում։