Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին խալիֆաների և իմամների հրաշքների ու գործերի մասին: Մի տեղ դերվիշը, արևելքի փիլիսոփան, նստած իրանից անբաժան ընծու մորթիի վրա, զբաղեցնում էր իր ունկնդիրներին զանազան իմաստասիրական հարցերով։ Մի տեղ աշուղը դեռ նոր էր սկսել մի վեպ, ոգևորված պատմում էր և պիտի շարունակեր պատմել ամեն իջևաններում, մինչև կվերջացներ։ Ավելի երիտասարդները, քարավանի բանակից դուրս առանձնացած, լսում էին ցիգանների երգը ու նրանց նվագածությունները։ Իսկ հեռու, ամենից հեռու, լսելի էր լինում արածացող ջորիների զանգակների հնչյունը և նրանց վրա հսկող ծառաների երգը։ Բայց մոտից, շատ մոտից, երգում էր Անգղ գետը իր մեղմ, քաղցրաձայն խոխոջմունքով։ Գիշերային լռության մեջ այդ բոլորը, միախառնվելով, կազմում էին խիստ ախորժ, սրտաշարժ ներդաշնակություն։

Ինքը, Արթինը, ոտքի վրա, անդադար պտտվում էր քարավանի մեջ, յուրաքանչյուրի առողջությունը հարցնում էր, յուրաքանչյուրի դրության մասին տեղեկանում էր, արդյոք նրան պետք չէ՞ր մի որևիցե բան, և յուրաքանչյուրին մի հաճոյական խոսք ասելով, հեռանում էր։ Ամեն կողմից նրան հրավիրում էին, բայց նա շնորհակալությամբ հրաժարվում էր, ասելով, որ կատարելու դեռ շատ գործեր ունի։

Ես և Ասլանը, գետի ափի մոտ նստած, հեռվից լսում և դիտում էինք՝ ինչ որ կատարվում էր։ Այդ միջոցին մոտեցավ մեզ Արթինը և իր սովորական զվարճախոսությամբ ասաց.

— Պարոն բժշկապետ, եթե չեք կամենում քաղցած մնալ, շնորհ բերեք իմ վրանը, ինչպես երևում է, դուք ուտելու ոչինչ չեք վերառել ձեզ հետ։

Եվ իրավ, մենք այդ մասին ամենևին չէինք մտածել, կարծելով, թե քարավանը բնակությունների մեջ կիջևանե և այնտեղ ամեն ինչ կարելի կլինի գտնել, թեև այդ կողմերի գյուղերում, բացի գարիի ալյուրից պատրաստած հացից և ձվաներից, ուտելու ուրիշ ոչինչ բան չէ կարելի գտնել։

Ասլանը կարծես Արթինի հրավերքին էր սպասում, շնորհակալություն հայտնելով, հետևեց նրան։ Ջորեպանի սպիտակ վրանը այնքան ընդարձակ էր, որ նրա մեջ կարող էին տեղավորվել մի քանի ընտանիքներ։ Նա զուրկ չէր և շքեղությունից։ Երևում էր, որ այդ «անապատի մարդը», ինչպես ինքն իրան կոչելու սովորություն ուներ Արթինը, սիրում էր փոքրիկ վայելչություններ։ Երբ կատակի համար այդ մասին նկատեցի, նա պատասխանեց․