Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել հայկական մի ճոխ տուն, աստուծո բոլոր բարիքներով լի, ուր ամենքը ուրախ և գոհ վայելում էին անսպառ բախտավորություն: Իսկ նրա շուրջը բազմաթիվ ընտանիքներ հեծում էին աղքատության մեջ: Ի՞նչ էր դրա պատճառը: Ես համոզված էի, որ թողյալ արտաքին հանգամանքերը, որոնք փութացնում էին տիրող աղքատությունը, գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրանց` աղքատների մեջ: Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները: Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում: Բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը:

Պառավի առաջնորդությամբ ես մտա մի երկարաձև շինվածքի մեջ, ուր զետեղված էր գործարանը: Այստեղ մինը մյուսի մոտ շարված էին ներկի կարասները: Ներկում էին ամեն գույներով, առավելապես լեղակի գույնով: Գյուղացիները բերել էին զանազան տեսակ տնային գործվածքներ, որպիսիք են` կտավ, շալ, բամբակյա կամ բրդյա թելեր և այլն: Հաճախորդների մեջ կային զանազան ազգերից և զանազան լեզուներից` հայ, թուրք, քուրդ, ասորի և ուրիշները: Վճարների հատուցումները կատարվում էին ըստ մեծի մասին երկրագործական և անասնապահական բերքերով. փողի փոխարեն տալիս էին յուղ, պանիր, ցորյան, բուրդ, մորթիք և այլն: Այդ էր պատճառը, որ գործարանատերը ստիպված էր քաղաքում մի խանութպանի հետ ընկեր լինել, որպեսզի վաճառվեն այդ մթերքները: Ոմանք ոչինչ չէին վճարում:

Աշխատանքը եռ էր գալիս ժրաջան բանվորների ձեռքում: Փոքրիկ և մեծ աշակերտները, հագուստով ու մարմնով թաթախված ներկերի մեջ, վժվժում էին այս կողմ ու այն կողմ: Կապույտ լեղակը ամենի ձեռքերի և դեմքի վրա թողել էր իր թախծալի գույնը: Կապույտ էին գործարանի փայտյա սյուները, կապույտ էին առաստաղը, հատակը և կավով ծեփած պատերը, կապույտ էին երկայն փայտյա ձողերը, որոնց վրա չորացնելու համար կախ էին տված ներկված կտավները: Կապտագույն էր և լույսը, որ ներս էր թափանցել գործարանի նեղ պատուհաններից:

Բայց իմ ուշադրությունը գրավեց մի այլ բան. գործարանի փոխվարպետը, մի երեխա գրկում բռնած, լռությամբ մոտեցավ լեղակի կարասին: Կարասը հենց նոր էին խառնել և մուգ-լրջագույն փրփուրը դեռ դիզված էր նրա բերանի վրա: Նա երեք անգամ պտտացրեց երեխային կարասի շուրջը, հետո խորհրդավոր կերպով մատը թաթախեց փրփուրի մեջ և նրանով խաչաձև օծեց