Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ պետք է անեի, մազերից փոքր-ինչ ձիգ տվի, հետո բաց թողեցի։

— Իսկ եթե տղամա՞րդ լիներ։

— Ուրիշ կերպ կվարվեի։

— Չե՞ք վախենում։

— Ինչի՞ց պետք է վախենամ. նրանց մարմինը խո երկաթից չէ՞, իմը մսից, նրանք էլ ինձ նման մարդիկ են։

— Բայց գազան մարդիկ են։

— Վախլուկ գազաններ, հավաստացեք, շատ վախլուկ։ Բոլորովին սխալ է, որ ասում են, թե քուրդը քաջություն ունի։ Նա քաջ է, երբ անզեն, անպաշտպան մարդկանց վրա է հարձակվում։ Իսկ երբ փոքր-ինչ ընդդիմադրություն է տեսնում, իսկույն երեսը դարձնում է ու փախչում։ Բոլոր վայրենիները այդպես են. ես տեսել եմ նրանց, շատերի հետ գործ եմ ունեցել։ Ի՞նչ քաջություն կարող է լինել բարբարոսի մեջ, որ առաջնորդվում է միայն հափշտակասիրության գաղափարով։

— Բոլորովին ճիշտ է,— ընդմիջեց Ասլանը, որ լուռ լսում էր։— Բարձր քաջությունը անձնազոհություն է պահանջում, իսկ անձնազոհությունը առանց բարձր իդեալների չէ կարող լինել։

Նա դարձյալ լռեց և կարծես այլևս չէր լսում մեզ։ Ես հարցրի.

— Ուրեմն ձեզնից վախենո՞ւմ են։

— Ասած է՝ «թուրքին ծեծիր, հետը բարեկամացի՛ր»,— պատատասխանեց Արթինը։— Ախար այդ առածը խո այսօր չէ կազմվել. դա հարյուրավոր, գուցե հազարավոր տարիների փորձերի վերջին խոսքն է։ Եվ ես ինքս փորձել եմ այդ։ Այդ գառան խորովածը, որ հիմա կերանք, գիտե՞ք ով էր ուղարկել,— մի քուրդ ավազակապետ, որի ոչխարները արածում են մեզանից փոքր-ինչ հեռու ձորի մեջ։ Իմանալով, որ իմ քարավանը իջևանել է իր չադրների մերձակայքում, իր որդու ձեռքով ուղարկել էր երկու գառ և պատվիրել էր հարցնեք իմ առաջնորդությունը։

— Իսկ դուք գառների փոխարեն ի՞նչ ուղարկեցիք նրան։

— Իմ ողջույնը և մի թոփ Շամի ալաջա նրա կանանց հագուստի համար։

— Երևի այդ քուրդը մի ժամանակ գործ է ունեցել ձեզ հետ։

— Այո՛, մի անգամ սաստիկ ջարդվեցավ, և այնուհետև բարեկամացանք։— Ինձ ներեցեք,— ասաց նա վեր կենալով,— ես երկար նստեցի և շատ խոսեցի։ Ես պետք է տեսնեմ, թե ի՞նչ են