ԻԱ
ՀԱՅԿԱ ԲԵՐԴԸ
Դեռ արեգակը չէր ծագել, դեռ նոր թարթած թռչունները սկսել էին իրանց առավոտյան ճլվլոցը, երբ ես աչքերս բաց արի, տեսա՝ վրանի մուտքի առջև սպասում էին մեր թամքած ձիաները։ Ասլանը ինձանից վաղ էր վեր կացել, պատրաստվել էր, ինձ ևս ասաց, որ շուտով հագնվիմ։ Արթինը վրանում չէր։ Ջորիները վաղուց արդեն բերել էին արոտից, համետում էին, գարի էին տալիս, որ, դեռ լույսը չծագած, ճանապարհ ընկնեն։
Քարավանը այդ րոպեում ներկայացնում էր մի վանք, որ կանխում էր հանդիպել տվնջյան լուսատվին։ Ամեն կողմից լսելի էին լինում աղոթքի և հոգևոր երգերի ձայն։ Ես միշտ ախորժանոք էի լսում, երբ մահմեդականը Ղորանից այաթներ էր կարդում. նրա ընթերցանության մրմունջը ինձ հիշեցնում էր ջերմ, հրաբորբոք Արաբիայի անապատները և այդ անապատների կրակի միջից հայտնված կրակոտ մարգարեին։ Ո՜րքան մեծ զորություն ունի գիրքը։ Մի գիրք, մի լավ երգված գիրք, իր բարձր բանաստեղծությամբ, իր հրաշալի լեզվով, կարողացել էր երկրագնդի մի նշանավոր մասը կապել մի կրոնի հետ։ Ես նախանձով էի նայում այդ մահմեդականների վրա։ Քարավանի մեջ կային և հայեր, բայց նրանք չէին աղոթում։ Հայը աղոթում է միայն այն ժամանակ, երբ տերտերը նույնպես աղոթում է։ Եկեղեցու պատերից դուրս՝ նա աստծուն չէ մտաբերում։
Շտապելուց ես մոռացա մինչև անգամ կոճակներս կցել։ Ասլանը խոստացել էր այն օրը ցույց տալ ինձ մեր Հայկ Նահապետի բերդը։ Իմ սիրտը տրոփում էր անհամբերությունից, թե երբ պետք է տեսնեի Հայաստանի առաջին ամրոցը, որ մնացել էր այն օրից, երբ հայության սկիզբը դրվեցավ։
Երբ ձի նստեցինք, ճանապարհ ընկանք, Արթինի խոստացած երկու ձիավորները, բոլորովին զինված, մեր առջևով գնում էին, թե որպես առաջնորդ և թե որպես զինակից։ Նրանք սկզբից մեզ զգուշացրին, թե վտանգավոր տեղերից պետք է անցնենք։ Ես կատարյալ զինավառության մեջ էի, Ասլանը նույնպես ուներ իր հետ մի զույգ ատրճանակ։ Չգիտեմ ինչո՞ւ սաստիկ փափագում էի ես, որ ավազակների հանդիպեինք։ Այնքան խոսվել էր դրանց մասին, այնքան բաներ էի լսել, բայց երբեք ավազակ չէի տեսել։