է այդ հովիտը երկու մասերի՝ հյուսիսային և հարավային։ Իսկ Շամիրամի առուն, հյուսիսից գալով, կտրում է Անգղին և, արհեստական կամուրջի վրայից անցնելով, գնում է դեպի Արտամեդ, իսկ այնտեղից՝ Վան։ Այդ վերջինը ավելի օգուտ է տալիս Հայոց-Ձորին, քան թե առատաջուր Անգղը։ Իր հոսման ընթացքում Շամիրամի առուն ոռոգում է շատ գյուղերի անդաստանները, արտորայքը։ Երբեմն ագուգայների ու խողովակների միջով, երբեմն բաց առվակով հոսում է նա, իսկ երբ խրամատների, փոսերի վրայով պետք է անցնի, այսպիսի տեղերում նրա համար բարձր ամբարտակներ են կառուցված, որոնց վրայով, կարծես օդի միջից, թռչում է ջուրը, առանց նեղություն կրելու, առանց շեղվելու իր ճանապարհից։ Այդ բոլորը այնքան ճարտար կերպով է կառուցված, այնքան մեծագործ է, որ եթե հռչակավոր նինվեացի թագուհու գործը չհամարենք, անշուշտ մեր Արտաշես Երկրորդի գործը համարելու է, որ արհեստական ջրանցքով այդ գետը տարավ Արտամեդի բուրաստանները զարդարելու և կոչեց այն ավանը Զարդ։ Եվ իրավ, նա մի ժամանակ Վասպուրականի զարդն էր։
Արևը բարձրացավ։ Այժմ շրջակայքը ավելի պայծառությամբ էին երևում։ Ասլանը խորասուզված էր, ո՛վ գիտե, ինչ մտածություների մեջ, և ամենևին չէր խոսում։ Ես հիացած էի շրջակա տեսարաններով, որոնք և՛ ուրախություն էին ազդում ինձ, և՛ տրտմություն։ Ո՜րքան խիտ ազգաբնակություն է եղել այստեղ, ո՜րքան երջանիկ ապրելիս են եղել այստեղ մարդիկ։ Իսկ ա՞յժմ։ Այժմ ավերակ, բոլորովին անմարդաբնակ գյուղերի թիվը ավելի շատ էր, քան թե շեն գյուղերը։ Ամենուրեք հանդիպում էինք կիսակործան եկեղեցիների, ամայի վանքերի և լայնատարած գերեզմանատների, որոնց շուրջը մի ժամանակ մարդիկ են բնակվել։ Իսկ այժմ այդ նվիրական վայրերը ծառայում էին որպես որջ վայրենի գազանների, կամ նրանցից չտարբերվող քուրդ ավազակների։ Կարծես մի կործանիչ ձեռք անցել էր այդ հովիտով և բոլորը՝ ինչ որ լավ էր, ինչ որ բարի էր՝ ոչնչացրել էր։
– Մեր նախնիքը ծույլ մարդիկ չեն եղել,– ասաց Ասլանը,– նրանք հոգ են տարել երկրի շինության համար, և դրա ապացույցը կարող է լինել այդ հսկայական ջրանցքը, որ անց են կացրել այդ հովտի միջով։ Բայց այն օրից, որ տիրեց թուրքը, ամեն աշխատություն, ամեն կենդանություն մեռավ։
– Իսկ այդ շեն գյուղորայքը հայաբնա՞կ են։
– Հայաբնակ են, բայց յուրաքանչյուրի մեջ կգտնեք մի քանի