տուն քուրդ բնակիչներ։ Այդ մի քանի տունը ամբողջ գյուղի ցեցը պետք է համարել։
Նա դարձյալ լռեց։
Ճանապարհը հարթ էր. բնությունը և մարդու ոտն էր հարթել։ Անգղ գետի հորդությունից տեղ-տեղ գոյացել էին ճահիճներ, որոնց միջից դեղին, փայլուն ջրածաղիկը զավիկի նման փողփողում էր արևի ճառագայթներից։ Տեղ-տեղ գոյացել էին շամբուտներ։ Կրիաները, որ դուրս էին եկել ցամաքը՝ արևի տաքությունը վայելելու, մեր ձիաների ոտնաձայնը լսելով, խմբովին ներս էին սահում և թաքչում էին եղեգների մեջ։ Ձյունի նման սպիտակ արագիլը իր երկար, կարմիր կտցով և նույնպես երկար, կարմիր ոտներով հանդարտ շրջում էր ճահճի մեջ և իր սիրած որսն էր որոնում։ Մենք համարյա թե նրա մոտովն անցանք։ Ծանրաբարո թռչունը ամենևին չվրդովվեցավ, ուշիմ կերպով նայեց մեզ վրա և կրկին շարունակեց իր որսորդությունը։ Ուրուրը վերևում շրջաններ էր գործում օդի մեջ լայն թևերը բաց արած, որոնց երբեմն թեթև կերպով շարժում էր, կարծես թիավարելիս լիներ օդը։ Ահա նա նետի նման սլացավ դեպի ցած, մի քանի վայրկյան անհետացավ եղեգների մեջ և կրկին վեր բարձրացավ, մագիլների մեջ բռնած ունենալով մի ինչ-որ բան։ Նա տարավ իր ավարը։ Արեգակը ավելի և ավելի այրում էր։ Եթե ծովի կողմից փչող մեղմ քամին չլիներ, տոթը կարող էր խեղդել։ Ամեն ինչ անշարժ էր, ամեն ինչ լուռ էր։ Միայն լսելի էր լինում անհանգիստ արտույտի ճռնչող երգը։ Միջօրեի տապի ժամանակ, երբ բոլոր թռչունները թուլացած, շնչասպառ, մի զով տեղ են որոնում հանգստանալու, նա այդ պահուն ավելի ոգևորվում է, տաքանում է, սկսում է երգել։ Բայց ո՞րտեղ էր թաքնված այդ հողագույն թռչունը։ Որտեղ էլ որ լիներ, մենք նրան չէինք կարող նշմարել։ Հնձած արտերի մոխրագույն ծղոտները, տոթի ազդեցությունից ցամաքած և դալկացած մացառների տերևները՝ ամենևին չեն որոշվում նրա փետուրների գույնից։ Խելացի թռչունը ընտրում է այսպիսի տեղեր։ Նրա գույնը միախառնվում է իր թաքստի տեղի գունավորության հետ, և նա անտեսանելի է դառնում թշնամու աչքից։ Գոնե դրա խելքն ունենային այստեղի հայերը…
Մենք անցանք մարգադաշտերից, անցանք ճահիճներից, անցանք հնձած արտորայքից։ Այժմ մեր ճանապարհի աջ և ձախ կողմերում բարձրանում էին ժայռոտ բլուրներ։ Կանաչ բուսականության մի նշույլ անգամ չէր մնացել նրանց վրա. ամեն ինչ այրել