— Մի՞թե նրանք չեն տեսել։
— Չեն տեսել․ այդքան մոտիկ են ապրում և չեն տեսել։
— Դա շատ զարմանալի է։
— Զարմանալու ոչինչ չկա. ես ավելի զարմանալին կասեմ ձեզ․ ինձ պատահել է տեսնել գյուղացիներ, որոնք մի քանի մղոնով միայն հեռու են ապրում մի վանքից, երբ օտար երկրներից եկած ուխտավորների քարավանը նրանց գյուղի մոտով անցնում է, նրանք խորին բաղձանքով ասում են ուխտավորներին. «երանի՜ ձեր աչքերին, որ կգնաք, կտեսնեք մեր վանքը»․..
Այդ խոսակցության միջոցին՝ մեր առաջնորդի մյուս ընկերն էլ մոտեցավ մեզ։ Ես այժմ միայն սկսեցի ուշադրությամբ քննել նրանց դեմքերը։ Այդ դեմքերը ինձ շատ ծանոթ էին երևում։ Ինձ թվում էր, թե մի տեղում պետք է տեսած լինեի նրանց։ Բայց ե՞րբ և ի՞նչ տեղում, մտաբերել չէի կարողանում։ Այդ տարակուսանքը երկար տանջում էր ինձ։ Մի՞թե կարելի էր մոռանալ այդ տեսակ մարդկանց։ Երկուսն էլ բարեկազմ երիտասարդներ էին, կարծես մի զույգ Այաքսներ լինեին։ Ես անիծում էի իմ բթամտությունը եթե տեսել էի, անպատճառ պետք է ուրիշ հագուստով, ուրիշ կերպարանքով տեսած լինեի, և ոչ որպես այժմ, լազի հագուստով, ինչպես հագնված էին Արթինի բոլոր ծառաները։
Ես տատանվում էի անստուգության մեջ։ Մտածում էի հարցնել։ Մի՞թե նրանք կասեին, թե ովքեր են, կամ մենք մի ժամանակ տեսնվել ենք։ Եթե ասելու լինեին, հենց առաջին անգամից կասեին։ Բայց նրանք ոչինչ կերպով չէին ցույց տալիս, որ ինձ ճանաչում են, կամ որևիցե ժամանակ հանդիպել ենք միմյանց։ Իմ հիշողության մեջ այդքանը միայն պարզ էր, որ այդ երկուսին միասին, միաժամանակ մի տեղում էի տեսել։ Եվ այդ շատ զարմացնում էր ինձ։ Ես թողեցի, որ հանգամանքները պարզեն այդ մթությունը, այժմ դարձա դեպի մյուս ընկերը, հարցնելով.
— Դեռ երկա՞ր ճանապարհ է մնում մինչև Հայկա բերդը։
— Եթե այդպես արագ գնալու լինենք, կեսօրից փոքր-ինչ անցած կհասնենք,— պատասխանեց նա։
Իմ հետաքրքրությունն այնքան անզուսպ էր դարձել, որ ցանկանում էի՝ նախքան բերդը տեսնելը՝ նրա մասին տեղեկություններ ստանալ։
— Դուք տեսե՞լ եք Հայկա բերդը, հարցրի նրանից։
— Տեսել եմ։