— Երևի շատ ամուր բերդ է, բարձր աշտարակներ և ահագին պարիսպներ ունի։
— Անտարակույս, մի ժամանակ ունեցել է։ Բայց մինչև այժմ ի՞նչպես կմնային այդ ամրությունները։ Գիտե՞ք, երբ էր Հայկը։
Նա սկսեց ժպտալ իմ միամտության վրա։ Ջորեպանի կոպիտ ծառան Հայկի մասին ևս տեղեկություն ուներ։ Այդ ավելի գրգռեց իմ կասկածը։ Ես դարձյալ ընկա առաջին մտածությունների մեջ, որ այդ անձինքը ծանոթ էին ինձ։
Հայոց-Ձորը, մեր Հայկ նահապետի բնադավառը, լի է բազմաթիվ հիշատակներով, որ հիշեցնում են մեր Դյուցազնի պատերազմը Բաբելոնի հսկայի հետ։ Ասլանը ինձ բացատրեց, թե որպես այժմյան հիշատակարաններով և Ժողովրդի մեջ պահպանված առասպելներով ստուգվում է պատմությունը։
— Հայրենագիտությունը,— ասաց նա,— գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայի որդին։ Ով որ չէ ճանաչում իր հայրենիքը, չէ կարող ճշմարտապես սիրել նրան։
Հետո նա ցույց տվեց այն տեղերը, որոնք նվիրական էին դարձել Հայկի և Բելի հիշատակներով։ Նա ցույց տվեց այն բլուրը, որի վրա տապալվեցավ մեր հսկայի հզոր բազկից նետահար եղած Բելը, որ և մինչև այսօր նրա դրած անունով կոչվում է Գերեզմանք, որովհետև այնտեղ ընկան Բելի քաջերից շատերը, և այն բլուրը, որի վրա պաշտպանված էին նրանք, եղավ նրանց գերեզմանը։ Նա ցույց տվեց ճակատամարտի տեղը, ուր առաջին անգամ հանդիպեցան միմյանց երկու հսկաները։ Այդ տեղը կոչվեցավ Հայք, որ այժմ ժողովրդի լեզվում աղճատվելով, ասվում է Խեք։ Նա ինձ ցույց տվեց, թե դեպի ո՛ր կողմն է ընկնում Բելուն, որր Բելի անունն է կրում։ Նա հեռվից ինձ ցույց տվեց Աստվածաշենը,— մեր Դյուցազնի և նահապետի հիմնած առաջին ավանը, որ մինչև այսօր մնացել էր շեն, որ մինչև այսօր պահպանել էր իր անունը։— Աստվածաշենի բնակիչը միշտ պարծանքով է հիշում, որ դա մեր նախահոր՝ Հայկ դյուցազնի անունն է կրում, որովհետև հսկաների հայրը, որ աստվածների հետ էր պատերազմում, ինքն ևս պաշտվում էր իբրև աստված։ Այդ ավանի մոտ էր և նրա ամրոցը, ուր մենք դնում էինք։
Վերջապես մենք հասանք մեր բաղձանքի տեղը։
Աստվածաշեն գյուղի մոտ, արևելյան կողմում, ընդարձակ