Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխայի կոկորդը։ Պառավ դայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղածությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխ-վարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությունը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ։

– Այդ երեխան կապույտ հազ ունի,– ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ։

Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը։ Նրա հայտնվիլը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ. անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կարգը, ոչ, այլ կարգը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ։ Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրանց գլխավորի հետ։ Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ։ Նրա մի հայացքը բավական էր գիտենալու համար, թե որտեղ ի՛նչ էր պակաս, և որտեղ ի՛նչ պետք էր անել։ Հետո նա դարձավ դեպի հաճախորդները. մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ի՞նչպես է հացի բերքը, առո՞ղջ են նրանց անասունները, առո՞ղջ են նրանց հայրը, մայրը, կանայք, զավակները և այլն։ Բոլորի անունները գիտեր, բոլորի մասին հարցմունքներ էր անում։

Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր՝ հաճախորդների չափազանց ընտանիությունը թե՛ վարպետ Փանոսի և թե՛ նրա տան հետ։ Մի քուրդ մոտեցավ նրա մորը խնդրեց, որ իր անթարիի պատռված թևքը կարել տա։ Մի այլ քուրդ մի զույգ կենդանի կաքավներ էր բերել վարպետի փոքրիկ երեխաների համար։ Ես զարմանում էի, ի՞նչ էր պատճառը, այդ մարդը, որ գիշերը Ասլանի հետ այնքան դառնությամբ էր խոսում քուրդերի մասին, այժմ այդպես բարեկամաբար ողջագուրում էր նրանց։ Մի՞թե դա մի տեսակ կեղծավորություն էր նրա կողմից, մի՞թե շահեկան նպատակները ստիպում էին նրան շողոքորթել իր հաճախորդներին։ Ոչ, վարպետ Փանոսը ոչ կեղծավոր և ոչ շահասեր մարդ էր։ Նա առհասարակ սիրում էր բարեկամական հարաբերություններ պահպանել