Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դաշտի միջից բարձրանում է մի երկարաձև լեռ, որ իր ահավոր գագաթից իշխում է շրջակա տափարակների վրա։ Ահա այդ սարի բարձրության վրա մինչև այսօր մնում են հայոց հսկաների մեծագործ շինվածքների փշրանքները, որ ժողովրդի մեջ հայտնի են Հայկա բերդ անունով։

— Ի՞նչպես է այդ սարի անունը,— հարցրի Ասլանից։

— Բոզ-դաղ, որ նշանակում է մոխրագույն սար, թուրքաց անուն է,— պատասխանեց նա, հետո ավելացրեց.— թուրքերը տիրելով մեր երկրին, աշխատեցին բոլորը, ինչ որ մեզ համար սուրբ էր և նվիրական, ջնջել և ոչնչացնել։ Աշխատեցին, ա՛յն բոլորը, որ հային հատուկ էր, որ ազգային էր, օտարացնել, խորթացնել։ Նրանք փոխեցին մեր լեռների, մեր գետերի, մեր հովիտների ու մեր գյուղերի անունները։ Այդ երկիրը, որ մեր ազգի նախկին օրորոցն է եղել և մինչև այսօր բնակեցրած է հայերով, նրանք Քուրդիստան կոչեցին։

— Բայց ի՞նչպես էր այդ սարի հին անունը։

— Դժբախտաբար չգիտեմ։ Այդ մասին գրքերի մեջ ինձ ոչինչ չէ պատահել կարդալ, իսկ ժողովուրդը մոռացել է։

Ձիաներով անհնար էր բարձրանալ սարը։ Ցած իջանք, երկու երիտասարդները ներքևում պահեցին ձիաները, ես և Ասլանը սկսեցինք վեր բարձրանալ։ Ժամանակը մաշել ու եղծել էր բոլոր շավիղները, որ տանում էին դեպի վեր։ Մենք համարյա մագլցելով էինք անցնում սարսափելի առապարները, ուղղաձիգ ժայռերը, նեղ կիրճերը և աճած, միմյանց հետ հյուսված թուփերն ու մացառները, որ հանդիպում էին մեր ճանապարհի վրա։ Բայց այդ ահագին դժվարությունները հեշտանում, բոլորովին անզգալի էին դառնում այն մեծ բաղձանքի ուժգնության ներքո, որ տիրում էր իմ մեջ՝ տեսնելու մեր նախահոր նվիրական ամրոցը, որտեղ ապրել էր նա, որտեղից պատերազմել էր իր ժամանակի խոլ և վիթխարի տիտանների հետ, պաշտպանելով իր գերդաստանը, որ երեք հարյուր հոգուց էր բաղկանում։ Այդ երեք հարյուր հոգին կազմում էր այդ ժամանակ հայոց ամբողջ ազգը։ Այղ երեք հարյուր հոգով տիրեց նա Հայաստանը։ Դարերի, մի քանի տասնյակ դարերի սասանմունքից ու ավերմունքից հետո, դեռ շատ բան էր մնացել, որ հիշե գնում էր հսկա ձեռքի հսկայական գործը։ Հանդիպում էինք արհեստական այրերի, որոնց ծայրը կորչում էր լեռան խորքերում, և որոնք ծառայելիս են եղել որպես գաղտնի հաղորդակցության անցքեր։ Հանդիպում էինք վիմափոր ջրամբարների,