Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց մեջ զանազան կողմերից խողովակներով հավաքվում էր անձրևի ջուրը և պահվում էր պաշարման ժամանակի համար, որովհետև լեռան վրա աղբյուր չկար։ Հանդիպում էինք զանազան մթերանոցների, որոնց մեջ պահվում էր թե պաշար և թե զենքեր։ Երկայնաձիգ լեռը, որ ներքևից դանակի նման սուր էր երևում, վերևում հետզհետե ընդարձակվում էր և տափարակ ձև էր ստանում։ Այդ տափարակի վրա երևում էին բազմաթիվ բնակությունների հետքեր։ Վտանգի ժամանակ այստեղ էին պատսպարվում ստորոտի բնակիչները։ Բոլորովին գագաթի վրա շինված էր միջնաբերդը։ Պարիսպները, աշտարակները, այլևայլ ամրությունները, իրանց կանգուն ժամանակ այն աստիճանի վիթխարի ձև են ունեցել, որ նրանցից ցած թափված քարերը իրանց կուտակության ներքո ծածկում էին ընդարձակ տարածություն և հասնում էին մինչև ստորոտի դաշտավայրը։ Հմուտ մուրճի ու կարկինի գործը և անջնջելի կրային ծեփը միայն՝ որոշում էին այդ ահագին քարերը՝ լեռան մեծամեծ ժայռերից, որոնց հետ խառնված էին։ Հսկաների ձեռքը միայն կարող էր այդ ահագին մեծահատոր քարերը միմյանց վրա շարել և լեռնային բուրգեր կառուցանել։

Ասլանը կանգնած էր այդ դիցական ավերակների բեկորների վրա, և մի առանձին ոգևորությամբ նայում էր դեպի շրջակայքը, նայում էր դեպի ընդարձակ հեռաստանը և կարծես իր սրատես աչքերով չափում էր կանաչազարդ հովտի տարածությունը, մինչև հեռավոր լեռները, մինչև կապուտակ ծովը․․․

ԻԲ

ԳՈԻՇԱԿՈՂԸ

Երբ ցած իջանք բերդից, Ասլանը իսկույն նստեց իր ձին և, առանց մի բան ասելու, քշեց դեպի Հայոց-Ձորի հարավային կողմը՝ Ռշտունյաց լեռները։ Երկու երիտասարդները, երևի գիտեին, թե նա ուր է գնում, իրանց ձիաների գլուխը դարձրին դեպի այն կողմը։ Ես ևս հետևեցի նրանց։

Երկար գնում էինք առանց խոսելու։ Մեզանից յուրաքանչյուրը, այն տպավորություններից հետո, որ թողեց մեզ վրա Հայկա քայքայված բերդը, խորասուզված էր իր մեջ։