Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տո՞թ էր, հետկեսօրյան այն խեղդող տոթը, երբ սար ու քար տաքանում է, կրակ է կտրում, երբ օդը սաստիկ բորբոքվում է, կարծում ես, թե հնոցի մեջ տապակվում ես։ Քրտինքը հոսում է մարմնից և թողնում է երեսի վրա թանձր, աղային կեղև։ Շրթունքներդ ճաքճքում են և աչքերդ սկսում են այրվել։ Որպես մանր, հազիվ նշմարելի փոշի, գլխիդ շուրջը վըժվըժում են միլիոնավոր միջատներ։ Շունչ ես քաշում, բերանդ, քիթդ քցվում է այդ չարաճճիկ արարածներով, աչքերդ բաց ես անում, լցվում են աչքերիդ մեջ, իսկ ականջներիդ մեջ իրանց ուրախ երաժշտությունն են կատարում։ Հնար չկա ազատվելու նրանց խայթոցից։ Մարմնիդ վրա որքան բաց տեղեր են մնացել,— երեսդ, պարանոցդ, ձեռքերդ,— կարծես ծակծկում են մանր ասեղներով։ Ծակած տեղերը իսկույն բորբոքվելով, սկսում են այրվել։ Նրանք ծծում են քո արյունը և փոխարենը թույն են թողնում։ Մտածում ես, երևի այդ երկրի ճակատագիրն է՝ ծծել բոլոր հյութը, կշտանալ, իսկ տեղումը թույն թողնել...

Բորբոքված օդը բորբոքում է և մարդու երևակայությունը։ Նայում էի դեպի երկինք, տեր աստված, ի՜նչեր չէի տեսնում, մի ամբողջ վանք կախված էր օդի մեջ. ես նշմարում էի՝ մինչև անգամ գմբեթները, զանգակատները և վանքը շրջապատող ծառերը։ Դեպի հեռուն, շատ հեռուն էի նայում, դեպի ծովի կողմը, ինձ թվում էր, թե երկնային հրեշտակները, զինվորված, ձի նստած, շրջում են օդի մեջ։ Ես տեսնում էի և ոչխարների մի ամբողջ հոտ, իրանց արոտամարգերով և լեռներով, այնտեղ վերևում արածում էին։ Այդ ի՞նչ էր։ Ինձ թվում էր, թե անրջական տեսիլքներ հրապուրում են ինձ և այսպիսի պատկերներ են երևան հանում։ Մտածում էի մեր առաջնորդներին հայտնել տեսածս, երկրի հետ ծանոթ լինելով, գուցե նրանք կբացատրեին, թե ինչ էր այդ։ Բայց նրանք ինձ խելագարի տեղ կդնեին և կսկսեին ծիծաղել։ Իսկ վերջը, երբ Ասլանին ասացի, նա բացատրեց այդ օդերևույթների բնական պատճառները, և ես բոլորովին զարմացա։ Ի՜նչ լավ բան է եղել գիտությունը, ո՜րքան նախապաշարմունքներ, ո՜րքան սնահավատություններ փարատում է նա։

Օրվա այն ժամն էր, երբ ճանապարհները բոլորովին դատարկվում են երթևեկներից։ Երբեմն պատահում էին մենավոր ձիավորներ, երբեմն մի քանիսը միասին։ Փոքրիկ, կրակոտ նժույգների վրա նստած, երկայն, եղեգնյա նիզակը ձեռին, երկաթապատ վահանը ուսին, ատրճանակները գոտիի մեջ խրած, աղեղնաձև