Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվերջ մթության մեջ։ Այժմ այնտեղից նշմարվում էին կրակի նշույլներ, որոնք փարոսի նման ձգում էին մեզ դեպի իրանց կողմը։

Ասլանը ինձ պատմեց, որ այնտեղ բնակվում է քրդերի մի նշանավոր շեյխ, որ մեծ ազդեցություն ունի բոլոր ցեղերի վրա, որին համարյա պաշտում են և մարգարեի հավասար հարգանք են մատուցանում։ Բոլոր քրդերը նրա գլխովն են երդվում. «շեյխի գլուխը վկա» - դա ամենամեծ երդումն է նրանց մեջ։ Այն օրը, որ նա բաղանիք է մտնում, բաղանիքի ջուրը քրդերը բաժանում են իրանց մեջ և սրսկում են մորուքների վրա, որպես օրհնած ջուր։ Ամուլ կանայք նրա ոտքերի հետքերից փոշին հավաքում են ինչ-որ կախարդական արարողություններ են կատարում, որ զավակ ունենան։

– Բայց նա չափազանց մոլեռանդ է և քրիստոնյաների թշնամի,– ավելացրեց Ասլանը։– Նրա ատելությունը դեպի քրիստոնյաները այն աստիճանի է հասնում, որ իր վրանից դուրս գալու ժամանակ, երբ կամենում է մի տեղ գնալ, դեմքը քողարկում է, որ «գավուրները» նրա սրբազան երեսը չտեսնեն։ Ո՜րքան վանքեր է քանդել տվել, ո՜րքան հայոց գյուղորայք է այրել. քրիստոնյաներին ոչնչացնելը նրա ամենասիրելի բաղձանքն է։

– Այստեղ ի՞նչ է շինում։

– Պարսից հետ ինչ-որ ընդհարումներ է ունեցել, այդ պատճառով հեռացել է սահմանից, եկել է այստեղ։

– Ո՞րպիսի ընդհարումներ։

– Մի քանի ամիս առաջ նա մի արշավանք կատարեց դեպի Ուրմիո լճակի հարավ-արևմտյան կողմերը և ասպատակեց մի քանի գավառներ։

– Մի՞թե այդքան ուժ ունի։

– Մի օրվա մեջ կարող է տասն կամ քսան հազար ձիավորներ զենքի կոչել։

– Նրա իսկական բնակության տեղը ո՞րտեղ է։

– Զաբ գետի հովիտը, որ այլ անունով կոչվում է Նեհրի, Աղբակից և Ջուլամերկից փոքր-ինչ հեռու։ Այնտեղ ընդարձակ կալվածքներ և շատ գյուղեր ունի. բավական հարուստ մարդ է։

– Երևի այդ հարստությունը բոլորը հափշտակությամբ է դիզել։

– Անտարակույս։

– Եվ դու գնում ես մի այդպիսի չարագործի մո՞տ։

– Ես նրա մոտ չեմ գնում, ես մի ուրիշին պետք է տեսնեմ։