բաղկացած էր մեկ կտորից միայն․ դա մի սպիտակ շապիկ էր, որ հայոց ժամի շապիկների նման իջնում էր մինչև նրա բոբիկ ոտները։ Ինքը լույսի կողմում կանգնած լինելով, իսկ մենք խավարի կողմում, ամենևին ճանաչել չկարողացավ, թե մենք ինչ երկրի մարդիկ ենք, կամ ի՞նչ ազգից, և այդ պետք էլ չէր նրան գիտենալ, նրա վրանի մուտքը բոլորի համար բաց էր։
— Համեցեք, ցած իջեք,— ասաց նա ճգնավորի ձայնով,— բայց ձեր ձիաների հոգսը ինքերդ պետք է տանեք, ես այստեղ բոլորովին միայնակ եմ, ոչ ոք չունեմ։
Մեր առաջնորդները ամեն պատրաստություններ ունեին իրանց հետ։ Երբ ցած իջանք, իսկույն խուրջիններից հանեցին երկաթյա բըխովները (ոտնակապ), նրանցով կապեցին ձիաների ոտները, բըխովները կողպեցին բանալիներով, հետո նույնպես երկաթյա երկար մեխերը ցցելով գետնի մեջ, նրանց գլխին ամրացրած օղակներից կապեցին ձիաների երասանակները, որ վրանի մոտից հեռու չգնան։ Ես և Ասլանը մտանք վրանը, իսկ երկու երիտասարդները մնացին դրսում, որ ձիաներին հոգ տանեն։
Հենց առաջին անգամից այդ վրանը իմ վրա այն տպավորությունը գործեց, կարծես թե ճգնավորի խուց լիներ, կամ մի ղալանգերի (դերվիշի) տաղավար, որ ժամանակավոր կերպով կազմում է մի մեծատան դռան մոտ, նրանից իր պահանջը ստանալու համար։
Արևելքում այդ սովորությունը այնքան հատկանիշ կողմեր ունի, որ ավելորդ չեմ համարում փակագծի մեջ դնել նրա համառոտ նկարագրությունը։ Դերվիշը դիմում է այս և այն մեծատանը։ Պահանջում է կա՛մ մի մեծ գումար և կա՛մ մի այլ շնորհ։ Նա ընտրում է ըստ մեծի մասին այնպիսի անձանց, որոնք իրանց հարստությունը միայն իրանք են վայելում։ Ժլատ մեծատունը, իհարկե, մերժում է նրա պահանջը։ Դերվիշը իր տաղավարը կազմում է մեծատան գլխավոր մուտքի հանդեպ, և հանգիստ կերպով սկսում է ապրել այնտեղ։ Նա իր տաղավարի շուրջը գարի է ցանում, որը արդեն նշան է, որ մինչև գարին չբուսնի, չաճի և չհասունանա, նա չի հեռանա իր բռնած տեղից։ Ամեն առավոտ, ամեն երեկո, կեսգիշերին, փչում է նա իր եղջերափողը, նրա անախորժ ձայնով մեծատանը անհանգստացնելու համար։ Իսկ երբ մեծատունը տանից դուրս է գալիս, նա սկսում է պարսավներ երգել։ Երկրի մեջ ընդունված սովորությամբ՝ մեծատունը իրավունք չունի այդ արտոնավոր մուրացկանին իր դռնից քշելու։ Եթե