Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն տեսակ մարդկանց հետ, մանավանդ գյուղացիների հետ։

Վարպետ Փանոսի տունը մի տեսակ հյուրանոց էր այդ ամեն կողմից եկած, խառնիճաղանջ բազմության համար։ Ես նրա գործարանը համեմատում էի իմ քեռիների գինագործության գործարանի հետ։ Բայց այնտեղ բոլորովին ուրիշ բան էր. այնտեղ գլխավորապես դեր էր խաղում շահը։ Հաճախորդներից ոմանք, որոնք հեռու տեղերից էին եկած, իրանց գրաստները կապել էին վարպետի ախոռատանը, այնտեղ նրանց համար թե՝ սնունդ և թե՝ խնամք պակաս չէր։ Գրաստների տերերը, իրանք ևս գիշերում էին ախոռատանը կից առանձին բնակարանում և վարպետի խոհարանից կերակուր էին ստանում։ Ոմանք իրանց գյուղերից բերած մթերքները տեղավորել էին նրա տանը. այստեղից տանում էին բազարը, վաճառում էին և փոխարենը ինչ-որ գնելիք ունեին, առնում էին ու բերում, նույնպես դնում էին նրա տանը։ Կարծես այստեղ մի տեսակ մթերանոց լիներ նրանց համար։ Նրանք այնքան ժամանակ հյուրասիրություն էին վայելում, մինչև գործները վերջացնում էին, հետո շնորհակալությամբ գնում էին իրանց տեղերը։

Երբ որ պատահում էր վարպետ Փանոսին գնալ քրդերի «օբաները», նա նույն հարգանքը և սիրալիր հյուրասիրությունն էր վայելում նրանց վրաններում։ Օրերով, շաբաթներով, ամիսներով պահում էին իրանց մոտ, մի ընտանիքի վրանից մյուս ընտանիքի վրանն էին հրավիրում, ուտեցնում էին, խմեցնում էին, հետո զանազան պարգևներով ճանապարհ էին գնում։ Մեկը ընծայում էր մի գեղեցիկ ձի, մյուսը թանձր թաղիք կամ կապերտ, երրորդը մի քանի ոչխարներ «ղավուրմայի» համար, չորրորդը մի տիկ պանիր, յուղ, մեղր և այլն։

Զարմանալի էր այդ եռանդոտ և վերին աստիճանի բանիմաց մարդու բարոյական ազդեցությունը քրդերի վրա։ Քրդերի զանազան ցեղերի մեջ, ուր նրա անունը հայտնի էր, ուր ճանաչում էին նրան,— նա համարյա թե պաշտելի էր։ Լինում էին կռիվներ քրդերի մեջ, թշնամություն, արյան վրեժխնդրություն, բավական էր, որ վարպետ Փանոսը հայտնվեր նրանց մեջ և մի երկու խոսք ասեր, իսկույն կտիրեր խաղաղություն. Շատ անգամ իրանք, քրդերը փոխանակ իրանց շեյխերին դիմելու հրավիրում էին նրան վճռելու իրանց մեջ ծագած այս և այն վեճերը։ Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում, որ ամենադժվարին խնդիրներում անգամ, կարող էր մի քանի խոսքով հաշտություն կայացնել։