մենք ժառանգեցինք «խաչագող» անունը։ Դա մի ամոթալի անուն է։ Գո՜ղ,— և սրբության գող։ Այո, մենք գողանում էինք ինչ որ մարդկանց համար սուրբ էր, ինչ որ նրանց համար թանկագին էր։ Մենք գողանում էինք նրանց կյանքը, նրանց կայքը, նրանց պատիվը։ Ոչինչ չէր գոհացնում մեր ագահությունը։ Ոչնչով չէր խայթվում մեր խիղճը։ Ամեն չարիք հաջողվում էր մեզ,— և այդ ավելի խրախուսում էր մեր անբարոյական ձգտումները։— Իսկ այժմ հասավ ժամանակը մերկանալ հին մարդը և իբրև նոր մարդ, նոր հոգով և նոր եռանդով գործել՝ դեպի ազնիվը և դեպի լավը։ Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհետև գործ դրվին դեպի հասարակաց բարին...
- Ծերունին գրկեց նրա գլուխը, ճակատը համբուրեց։
Այդ բոլորը խոսում էր ջորեպանի ծառան, որին ես անկիրթ, անզարգացած մարդու տեղ էի դնում։ Այդ ի՞նչ խաղ էր, այդ ի՞նչ հանելուկ էր։ Նա վեր կացավ, Ասլանը ինձ ևս աչքով արավ, որ հեռանամ։ Մենք դուրս եկանք տաղավարից, Ասլանը և ծերունին մնացին այնտեղ։ Թե ի՞նչ խոսեցին և ի՞նչ խորհեցին,— ես չգիտեմ, միայն նրանց խոսակցությունը երկար, շատ երկար տևեց։ Մենք բավական հեռու էինք նստած, ձիաների մոտ և ոչինչ չէինք լսում։ Հետո նրանք ցած թողեցին տաղավարի մուտքի վարագույրը, ես կարծեցի, որ քնեցին։ Բայց լապտերը մինչև լույս վառվում էր։
Զով գիշերը մոռանալ տվեց մեզ ցերեկվա տոթից կրած տանջանքը։ Ծովի կողմից փչում էր մեղմ քամի և բերում էր իր հետ ծաղկավետ Արտոսի սքանչելի անուշահոտությունը։ Երկինքը ամպամած էր, ոչ մի աստղ չէր երևում։ Երբեմն մաղվում էին անձրևի խոշոր կաթիլներ։ Հայկա բերդի կողմում փայլատակում էր, լսելի էին լինում որոտման խուլ ձայներ։ Ինձ թվում էր, որ հայոց և բաբելացոց հսկաները պատերազմում էին այնտեղ և իրանց ահագին լախտերով խորտակում էին լեռները։
Մուրադը և իր ընկերը զբաղված էին ձիաներով, ծածկում էին նրանց չուլերով, զգուշանալով, միգուցե հորդ անձրև գալու լինի և ձիաներին թրջե։ Ես պառկած էի խոտերի վրա, նայում էի անթափանցիկ խավարի մեջ։ Մու՜թն էր, մու՜թ, ոչինչ չէր երևում. Ամեն ինչ ընկղմված էր մթության մեջ, որպես այդ երկրի մթին ապագան․․․
Իմ աչքերի առջևն էր մի պատկեր միայն՝ ալևոր «գուշակողը»։