Իմ գլխում, մռայլ առեղծվածների նման, պտտվում էին այդ խորհրդավոր ծերունու խոսքերը։ Այդ խոսքերը առանձին բացատրության էին կարոտ, ես անկարող էի լուծել։ Բայց ես այժմ գիտեի երկու անուններ, որոնք շատ բան էին պարզում։— Մուրա՜դ և քավոր Պետրո՛ս,— երկուսն էլ երևելի խաչագողեր էին։ Որպես երկու հերոսներ այդ մթին արհեստի մեջ, Սալմաստում մեծ հռչակ էին ստացել նրանք։ Նրանց մասին ես լսել էի շատ և շատ զարմանալի պատմություններ...
Իմ տարակուսանքները մասամբ փարատվեցան։ Ճանապարհին գալու ժամանակ, ինձ երկար տանջում էր այն միտքը, որ ես մի ժամանակ պետք է տեսած լինեի Մուրադին, նրա դեմքը ինձ ծանոթ էր երևում։ Իմ հիշողությունը չխաբեց ինձ, այժմ գիտեի, թե որտեղ էի տեսել։
Հիշու՞մ ես, ընթերցող, այն տխուր, փոթորկալի գիշերը, երբ ես տեր Թոդիկի դպրոցից փախստական եղած, թափառում էի Հին-քաղաքի շուրջը և անհնարին հուսահատության մեջ մոլորված, չգիտեի ուր գնալ։ Այն ժամանակ հանդիպեց Կարոն, տարավ ինձ արաբական մինարեթը, այն հին ավերակների մեջ։ Այնտեղ առաջին անգամ ես տեսա Կարոյի մյուս ընկերներին՝ Ասլանին և Սագոյին։ Այդ խումբի մեջն էր և Մուրադը իր այժմյան ընկերի հետ, որին Ջալլադ էին կոչում։ Երբ գիշերը լուսացավ, առավոտյան Մուրադը և Ջալլադը անհայտացած էին, մինարեթում մնացել էին մյուսները։ Ի՞նչ եղան, ու՞ր գնացին,— այդ մասին ինձ ոչինչ չասացին։ Ամիսներ անցան, այժմ կրկին հանդիպում էի այդ երկու երիտասարդներին, բայց մի այլ շրջանում և բոլորովին տարբեր պարապմունքի մեջ։ Կարոյի և Ասլանի այդ երկու ընկերները արզրումցի Արթինի քարավանում ջորեպանի պաշտոն էին կատարում,— դա շատ զարմացնում էր ինձ։ Ի՞նչ նպատակ ունեին այդ կերպարանափոխությունները, ի՞նչ կապ կար Արթինի, Ասլանի կամ մյուսների մեջ, և վերջապես, ու՞մն էին պատկանում ջորիները,— այդ բոլոր խաբուսիկ պատրանքները զբաղեցնում, շվարեցնում էին իմ միտքը, և զանազան անորոշ ենթադրությունների մեջ էին նետում...
Մուրադ և քավոր Պետրոս,— երկու անունները սարսափեցնում էին ինձ։ Այո՛, երկուսն էլ երևելի խաչագող էին։ Մի՞թե բարոյապես փչացած խաչագողը կարող էր ընդունակ լինել մի լավ գործի։ Մի՞թե կարելի էր հավատալ նրանց։ Մի՞թե կարելի էր հուսալ նրանց մեջ անկեղծություն, որ իրանց ամբողջ կյանքում