Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միշտ կեղծել են, միշտ խաբել են և միշտ իրանց հեռու են պահել ճշմարտությունից: Գարշելի՜ արարածներ։ Ես զարմանում էի Ասլանի միամտության վրա, որ այդ տեսակ մարդկանց հետ գործ ուներ։ Ի՞նչ մի լավ բան կարելի էր սպասել նրանցից։

Բայց երբ կրկին անգամ ներկայանում էր ինձ այն սրտաշարժ տեսարանը, որ մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ տաղավարի մեջ, երբ մտաբերում էի այն խոսքերը, որ այնքան խորին զգացմունքով արտասանեց Մուրադը,— այդ միջոցին մթությունները հետզհետե փարատվում էին և իմ առջև բացվում էր մի նոր, լուսափայլ հորիզոն։ Ես տեսնում էի, որ գարշելի խաչագողն անգամ կարող է ուղղվել, կարող է մաքրվել հին կեղտերից և ծառայել մի բարի գործի։ «Ո՞վքեր էինք մենք»,— ասում էր ոգելից Մուրադը։ — «Մենք մի հասարակություն էինք։ Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ իր անբարոյական ախտերով». .. Դրանք խորհրդավոր, շատ խորհրդավոր խոսքեր էին։ Մի՞թե սալամաստեցին կամ սավրեցին է միայն խաչագողը։ Խաչագող կարող է լինել և՛ մի քահանա, և՛ մի արհեստավոր, և՛ մի վաճառական, և՛ մի վարժապետ, և՛ մի աստիճանավոր, մի խոսքով, ամեն մարդ, որ խաչագողի հատկություններ ունի։— Խաչագող կարող է լինել և մի ամբողջ ազգ, որ բարոյապես փչացած է, որը խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունի, բայց իր ընդունակությունները գործ է դնում դեպի վատը, դեպի անազնիվը և դեպի անբարwյականը։— «Հասավ ժամանակը մերկանալ հին մարդը և, իբրև նոր մարդ, նոր հոգով և նոր եռանդով գործել` դեպի ազնիվը և դեպի լավը»։ — Այդ խոսքերով վերջացրեց երիտասարդը իր փոքրիկ ճառը. «Մեր բոլոր ընդունակությունները, որ զարգացած էին միայն չարիք գործելու համար, թող այսուհետև գործ դրվին դեպի հասարակաց բարին»։

Երբ Մուրադը վերջացնելով իր գործը եկավ նստեց իմ մոտ, ես չհիշեցի, որ մի ժամանակ տեսել եմ նրան արաբական մինարեթում։ Ես տարակույս չունեի, որ նա ճանաչում է ինձ։ Բայց, երևի, մտածում էր, որ ես այժմ չէի կարող ճանաչել նրան իր նոր կեպարանափոխության մեջ, իր լաղի հագուստով, որովհետև սկզբում, երբ առաջին անգամ տեսա նրան արաբական մինարեթում, նա zեյթունցոu հագուստ ուներ և զեյթունցու բարբառով էր խոսում։ Ինչպես էլ որ լիներ, ես անպատշաճ համարեցի մերկացնել այն, ինչ որ նա ինձանից ծածուկ էր պահում։ Բայց հավատացած էի, որ նա ինձանից չէր թաքցնի իր հին հարաբերությունները