քավոր Պետրոսի հետ, որոնց վերջին սրտաշարժ գրկախառնությանը և հոգեկան հուզմունքներին ես ականատես եղա։
— Դուք այդ ծերունուն, երևի, վաղուց ճանաչում էիք,— հարցրի նրանից։
— Ոչ միայն ճանաչում էի, այլ նա իմ դաստիարակն է եղել,— պատասխանեց երիտասարդը։
— Այդ խաչագո՞ղը։
— Այո՛, այդ խաչագողը։
— Ի՞նչպես եղավ, որ դուք ընկաք նրա ձեռքը։
— Դա շատ եկար պատմություն է, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի վերջանա։
— Պատմեցեք, խնդրեմ։ Ես քավոր Պետրոսի մասին շատ բաներ էի լսել, բայց իրան չէի տեսել։
— Երևի, իմ մասին ևս լսած կլինեիք։
— Այո, որովհետև ձեր անունը անբաժան է նրա անունից։
— Իրավ, անբաժան է…— կրկնեց նա տխուր ձայնով։
Նա պատմեց, թե ի՛նչպես պատանեկության հասակում ինքը դարբինի աշակերտ է եղել, պատմեց, թե ինչ փորձանք պատահեց իր վարպետին, որի պատճառով ինքն ևս, իբրև հանցավոր, կասկածի ենթարկվեցավ և ստիպվեցավ փախստական լինել, որ ոստիկանության ձեռքը չընկնի։ Այդ միջոցին պատահեց նա իր նման փախստական պատանիների մի խմբի, որոնք թողել էին տեր Թոդիկի դպրոցը և ծածկվել էին Սավրայի անտառներում։ Այդ պատանիները, ասաց նա, Կարոն, Ասլանը և Սագոն էին, որոնց մոտ մնաց մի քանի շաբաթ։ Իրանց մոտ հայտնվում էր երբեմն մի ալևոր որսորդ, որին Ավո էին կոչում, և նա լավ-լավ խրատներ էր տալիս իր մոլորյալ սանիկներին։ Բայց ինքը, Մուրադը, նրանց հասարակության քաղցրությունը երկար վայելել չկարողացավ, մի դիպվածով անջատվեցավ այդ խումբից և քավոր Պետրոսի ձեռքն ընկավ։ Այդ վերջինը առեց նրան իր հոգաբարձության ներքո, տարավ օտար աշխարհներ, և վարժեցրեց խաչագողության մեջ։ Իսկ Կարոն, Ասլանը և Սագոն հետևեցին որսորդի խորհրդին, թեև, նույնպես օտար աշխարհներ գնացին, բայց իր նման չփչացան, այլ կրթություն ստանալով, լավ մարդիկ դարձան։
Զարմանալի՜ պատմություն էր այդ. դա թափառաշրջիկ, բախտախնդիր ժողովրդի տխուր պատմությունն էր, որի մեջ այդ ժողովրդի յուրաքանչյուր անհատը կարող էր գտնել իր մռայլ պատկերը…