Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցքերը, բոլոր շավիղները, որքան ծանոթ էին նրան իր ձեռքի հինգ մատները։ Արտոսր և Կապուտ-Կողը, իրանը ոլոր-մոլոր շղթաներով հյուսվելով միմյանց հետ, կազմում են Ռշտունյաց գավառի Լեռնային ցանցը։ Այդ հսկայական ցանցը մի մեծ ծուղակ է, որ, կարծես, այդ քմահաճ լեռները պատրաստել են մարդիկ որսալու համար։ Մենք խարխափում էինք այղ ծուղակի մեջ։

Երբեմն հանդիպում էին մթին անտառներ։ Երբեմն հանդիպում էին ուղևորների խումբեր, որ գնում էին մերձակա արոտատեղիները, իրանց անասունների մոտ։ Նայելով այդ անտառներին, նայելով այդ մարդիկներին, ինձ թվում էր, որ այդ վայրենի, լեռնային երկրում ամեն ինչ նույնպես խոշոր էր, նույնպես խիստ էր, որպես շրջակա բնությունը։ Վաղեմի դյուցազունների փոխարեն՝ ապրում էր մի խոշոր ժողովուրդ։ Վաղեմի հսկա անտառների փոխարեն՝ ամեհի ծառատունկ։ Անցյալ փառքն ու մեծությունը մաշել, տրորել էր ժամանակը... Միայն իր վեհության մեջ մնացել էր անխորտակելի Արտոսր։

Անհամբերությունը խեղդում էր ինձ, մտածում էի, ե՞րբ պետք է դուրս գանք այդ մթին վիհերից ու վիրապներից։ Գոնե լույս լիներ։ Հորիզոնը ամեն կողմից փակված էր բարձր լեռներով։ Հեռուն չէր երևում։ Նայում էի դեպի երկինք, ձյունագույն ամպերը լողում էին օդի մեջ։ Նրանց մի կողմը ոսկու գույն էր ստացել։ Երևի, արևը ծագել էր։ Բայց մեր գտնված ձորերի մեջ դեռ տիրում էր գիշերային խավարը։ Բոլորովին պայծառ օրերում անգամ՝ այդ ձորերի մեջ լույսը պակաս է լինում։ Իսկ այն գիշեր անձրև էր եկել և վաղորդյան մառախուղը լցրել էր ձորերը։

Չարագուշակ նապաստակի հանդիպումը այս անգամ ևս մնաց առանց որևիցե չար հետևանքի։ Մենք անցանք բոլոր վտանգավոր տեղերը առանց փորձանքի, միայն սաստիկ ջարդված, սաստիկ հոգնած։ Բայց իմ հոգնածությունը բոլորովին փարատվեցավ, երբ բարձրացանք մի սարավանդի վրա, երբ կրկին մեր առջև թացվեցավ կապուտակ ծովը և երբ Ասլանը, ձեռքը մեկնելով դեպի մի հին քաղաքի ավերակները, ասաց․

— Ահա՛ Ոստանը։

Ոստա՜ ն, — այդ անունը ծանոթ էր ինձ երեխայությունից։ Գրքերի մեջ նրա մասին ոչինչ չէի կարդացել։ Բայց շատ անգամ լսել էի, որ մայրերը ձեռքի վրա օրորում են, վեր-վեր են թռցնում իրանց փոքրիկ մանուկներին, երգելով մի երգ, որի մեջ զանազան խոստմունքներ են անում, երեխային, թե երբ նա կմեծանա, ինչ