Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձրեց։ Նա կործանեց հին բերդը, կործանեց բոլոր ամրությունները,— նա կործանեց Գագիկի կառուցած պալատների մնացորդները։ Այժմ Ոստանի փառքից, նրա հազարավոր հայ բնակիչներից, մնացել էին մի քանի քրդական խրճիթներ միայն։ Այդ գետնափոր խրճիթների երդիկներից մուխ էր բարձրանում։ Շների ձայնից մի խումբ երեխաներ, կանայք և աղջիկներ դուրս սողացին նեղ դռներից, և կտուրների վրայից սկսեցին նայել մեզ վրա։ Մեկը բաժանվեցավ նրանցից, և հենված երկու թևքերի տակին առած երկու ցուպերի վրա, սկսեց կաղալով մոտենալ մեզ։ Երբ հասավ, նա մի երկբայական հայացք ձգեց մեզ վրա, մի քանի րոպե կանգ առեք և ապա լուռ նստեց։ Քուրդը առհասարակ քաղաքավարի է լինում, երբ հանդիպում է օտար մարդու, բայց նա մինչև անգամ չողջունեց մեզ։ Երևի նա տատանվում էր, թե ինչ ձևով ողջունե, որ չվիրավորե մեզ, որովհետև մահմեդականը զանազան ձևերով ողջույներ ունի իր լեզվում, նայելով մարդու աստիճանին, ազգությանը, կրոնին և այլն։ Նրան անհայտ էր, թե մենք ինչ մարդիկ ենք, այդ պատճառով բարվոք համարեց լուռ մնալ։

Սկզբում մենք նրան մուրացկանի տեղ ընդունեցինք, և նրա հնոտի հագուստը վկայում էր այդ։ Բայց այդ հնոտիքի մեջ նշմարվում էր մի աչքի զարկող հպարտություն։ Շալե գոտիի մեջ, կուրծքի վրա, խրած ուներ մի փոքրիկ խենջար, որի աբենոսյա սև կոթը զարդարած էր արծաթով և գունավոր քարերով։ Այդ զենքը արդեն նշան էր նրա ազնվական ծագման։

Գետնափոր խրճիթից հայտնված ազնվականը, վերջապես խզեց իր լռությունը, հարցնելով.

— Ծխախոտ ունե՞ք։

— Ունենք,— պատասխանեց Մուրադը, որ լավ քրդերեն գիտեր։

— Հեռվից տեսա ձեզ, եկա մի փոքր ծխախոտ խնդրելու։

Մուրադը տվեց նրան բավականաչափ ծխախոտ, որը մեծ շնորհակալությամբ րնդունեց։ Նա իսկույն վառեց ծխաքարշը, սկսեց ծխել: Երևում էր, որ երկար ժամանակ չէր ծխել։

Նա դարձյալ հենված իր թևերի տակ առած ցուպերի վրա, սկսեց կաղալով դիմել նույն խրճիթը, որտեղից դուրս էր եկել։ Բայց քառորդ ժամ չանցած, նա կրկին վերադարձավ իր հետ ունենալով մի այլ մարդ։ Այդ վերջինը դրեց մեր առջև մի մաղ լի նոր թխած հացերով, որոնց մոտ դրած էր պանիր, որ մակարդված էր