Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բողոքեց սուլթանին և սուլթանը բազմաթիվ զորքերով ուղարկեց Օսման փաշային՝ պատժելու ապստամբներին։ Օսման փաշան եկավ, նա ոչինչ անել չէր կարող, եթե հայերը չօգնեին նրան։

— Հայերը ինչո՞վ օգնեցին,— հարցրեց Մուրադը։

— Ստամբուլի հայոց խալիֆան թուղթ էր գրել Վանի, Մուշի, Դիարբեքիրի և մյուս նահանգների հայոց բոլոր հոգևոր առաջնորդներին, որ իրանց ժողովրդի հետ օգնեն սուլթանի զորքերին։ Այդ Ժամանակ հայտնվեցավ Մելիք-Միսաքը և հայոց կամավոր զորքերի գլուխն անցավ։ Քաջությամբ պատերազմելով թե՛ Բեդիրխան բեկի և թե՛ իմ հորեղբոր՝ Խան-Մահմուդի հետ, նա երկուսին էլ հաղթեց, երկուսին էլ ձերբակալեց, և հետո հանձներ Օսման փաշայի ձեռքը։ Երկուսին էլ իրանց ընտանիքների հետ տարան Ստամբոլ, այնտեղ բանտարկեցին. հետո Բեդիր-խան-բեկին աքսորեցին Կրետե կղզին, իսկ իմ հորեղբորը՝ Խան-Մահմուդին, իր ընտանիքի հետ աքսորեցին Սիլիստրե։ Եվ այսպես Մելիք-Միսաքը առեց իր վրեժը։

Վերջին խոսքերը արտասանեց ծերունի քուրդը մի առանձին դառնությամբ։ Մենք ամենքս միմյանց երեսին նայեցինք. մենք դարձյալ լսում էինք մի ծանոթ անուն, բայց ինձ գոնե անծանոթ պատմություն։

— Այդ կռիվների մեջ,— ավելացրեց նա,— ես ստացա այն վերքերը, որ բոլորովին անդամալուծեցին ինձ, և այն օրից այս երկու փայտերի վրա եմ ման գալիս։ Հետո եկավ օսմանցին, այդ բերդը քարուքանդ արեց և մեր տոհմի բոլոր նշանավոր քաջերին մաշեց բանտերի մեջ։ Ինձ խնայեցին, որպես արդեն անպետք և կիսամեռ մարդու…

Խան-Մահմուդին և Բնդիր-խան-բեկին նվաճելուց և նրանց աքսորելուց հետո, իրավ է, քրդական բռնապետությանը վերջ տրվեցավ արևելյան Հայաստանում և մանավանդ Տարոնի և Վասպուրականի նահանգներում, և օսմանցոց իշխանությունը այդ ժամանակից ավելի հաստատվեցավ այդ կողմերում։ Բայց ինձ ուրախացնում էր այդ պատմության այն մասը, որ հիշյալ երկու գազանների անկումը կատարվել էր մի հայ հերոսի ձեռքով, այն հայի, որ մեր ամենի դաստիարակը և սիրելին էր։ — Դա էր Պարսկաստանում հասարակ որսորդի անվան տակ ծածկված խորհրդավոր մարդը— Ավոն, որի իսկական անունը Մելիք-Միսաք էր, որը բոլորից թաքցրած ուներ, թե՛ իր գործերր, թե՛ իր անցյալ մեծությունը և թե՛ իր ո՛ վ կամ ի՛նչ մարդ լինելը։