Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես չեմ մոռացել, ընթերցող, բայց դու ևս հիշո՞ւմ ես այն ցավալի պատմությունը, որ ս. Տիրամոր տոնախնդության ժամանակ, իր վրանում, իմ քեռի Պետրոսը պատմում էր Որսորդի կյանքից։ Նա ասում էր, որ Որսորդը հասարակ մարդ չէ, թե նա Սասունի և Մոգաց երկրի զորավոր մելիքն է եղել, թե այնտեղ ունեցել է իր սեփական բերդը,— պատմում էր, թե ինչպես հայ տանուտերերը, միացած իրանց հոգևոր առաջնորդի հետ, դավաճանում են նրան, մատնելով մի «քուրդ իշխանի» ձեռքը,— պատմում էր, որ դավադրության ժամանակ նշանակվում է Զատկի ավագ շարաթ գիշերը, և երբ Սելիֆը իր ընտանիքով բոլորել էր ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ թշնամիններով։ Նրա ամրոցը հրդեհում են, ընտանիքը կոտորում են, այդ միջոցին կրակի և արյան միջից հափշտակում է հավատարիմ Մրհեն իր վիրավորված տիրոջը և, իր հզոր ուսերի վրա բարձած, տեղափոխում է նրան Պարսկաստան, ուր ապրում է նա անհայտության մեջ, Որսորդի անվան ներքո։ Իմ քեռի Պետրոսը ծպտյալ Որսորդի պատմությունը հասցրեց մինչև այստեղը, էլ ուրիշ ոչինչ չասաց։ Բայց այժմ ծերունի քրդի պատմությունից երևաց, որ նա կրկին հայտնվել է իր իսկական Մելիք-Միսաք անունով, և հայոց կամավոր զորքերի գլուխն անցած, կռվել է երկու քուրդ բռնապետների հետ, երկուսին էլ հաղթել է, և կալանավորելով, հանձնել է Օսման փաշայի ձեռքը, և իր «վրեժը» առել է։ Ի՞նչ վրեժ։ Երբ այդ մասին հարցրի, ծերունի քուրդը պատասխանեց.

— Բեդիր-Խան-բեկը նույն դավաճանությամբ վարվեցավ իր բարեկամ Մելիք-Միսաքի հետ, որպես իր հորեղբայր Խան-Մահ-մուդը` Միր-Մարտոյի հետ։ Երկուսն էլ խաբեությամբ ոչնչացրին իրանց լավ դաշնակիցներին և տիրեցին նրանց բերդերին։ Մելիք-Միսաքը Սասունի և Մոգաց երկրի իշխանն էր և լավ բարեկամ Բեդիր-խան-բեկի հետ։ Բայց այդ վերջինը այնքան ցած, այնքան վատ գտնվեցավ, որ մի գիշեր անակնկալ կերպով հարձակվեցավ նրա տան վրա և բոլորին որից անցկացրեց։ Մելիքին նույնպես սպանված էին համարում, բայց տարիներից հետո, կարծես գերեզմանից վերադարձավ նա և իր վրեժը առեց...

Երկու հայ իշխաններ, մեկը` Ոստանի տերը, մյուսը` Սասունի տերը, միևնույն ճակատագրական հարվածքի տակ խորտակվել էին,— երկուսն էլ ստոր դավաճանության զոհ էին դարձել։ Ասլանը, երևի, գիտեր այդ բոլորը. նա ոչինչ չէր խոսում, միայն լռությամբ լսում էր ծերունի քրդի խոստովանությունը, որը, դառն