փորձերից խրատված, խոսում էր մեզ դառն ճշմարտություններ...
— Տեսնո՞ւմ ես, քիրվա,— վերջապես խոսեց Ասլանը,— դուք ձեր բարեկամներին ու դաշնակիցներին այդպես վատությամբ ոչնչացնելով, ինքներդ միայնակ ու անզոր մնացիք, և դուք էլ ոչնչացաք։ Դուք խաբեությամբ տիրեցիք ձեր բարեկամների ամրոցներին, բայց ձեր ձեռքումն էլ չմնացին նրանք, եկավ օսմանցին և խլեց ձեզանից: Եթե դուք հաշտ մնայիք, դրանցից և ոչ մեկը չէր պատահի։
Ասլանը ծերունի քրդի,— այդ անբախտացած ազնվականի,— սրտիցն էր խոսում։ Նրա վշտահար դեմքն ավելի մռայլվեցավ, ավելի թախծալի կերպարանք ստացավ։
— Ճշմարի՜տ է, շատ ճշմարի՜տ,— պատաստխանեց նա տխուր ձայնով։— Մենք մեր ձեռքով մեր տունը քանդեցինք.... Բայց ո՞վ կռվացրեց մեզ, ո՞վ բարեկամների ու դաշնակիցների մեջ երկպառակություն սերմանեց։— Նույնիսկ օսմանցին։ Ես բոլորը չպատմեցի ձեզ, պարոն, թե ինչպես օսմանցի գործակատարները գաղտնի կերպով գրգռում էին մեզ հայերի դեմ... Բայց մենք այնքան միամիտ եղանք, որ չհասկացանք, որ դրանով մեր կործանումն են նախապատրաստում...
— Հիմա նույնը չե՞ն անում, հիմա ձեզ չե՞ն գրգռում հայերի դեմ...
— Գրգռում են և ավելի վատ կերպով... բայց մեր հիմար ազնվականները չեն հասկանում։ Չեն հասկանում և մեր հոգևորականները։ Օրինակի համար, կարելի է լսած լինեք, որ մեզանից ոչ այնքան հեռու, Արտոսի ստորոտներում, կենում է մեծ շեյխը։ նա աստծո սուրբ մարդն է,— ես շատ մեղք արած կլինեմ, եթե այդ մասին ամենափոքր կասկած ունենամ,— բայց կրքոտ մարդ է։ Գիտե՞ք, ո՜րքան անգամ նրան գրգռել են հայերի դեմ... Որքա՜ն անգամ նա ոչնչացրել է հայոց ամբողջ գավառներ... Եվ բոլոր քրդերը լսում են նրա ձայնը և խոնարհվում են նրա հրամանին։ Բավական է նրան` մի առավոտ վեր կենալ ու ասել, թե մարգարեն երազում հրամայեց բոլոր գավուրներին կոտորել։ Իսկույն քրդերը կառնեն իրանց զենքերը և կհետևեն նրան։ Եթե «Գուշակողը» չլիներ, նա շատ վատ բաներ կաներ...
— Ո՞վ է այդ «Գուշակողը»,— հարցրեց Ասլանը, որպես թե չէ ճանաչում։
— Ասում են` Արաբիայի կողմևրիցն է, մարգարեի հայրենիքից։ Բոլորովին սուրբ մարդ է. ամեն բան գիտե, ինչ որ հարցնեք,