Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա կասե ձեզ: Մինչև անգամ շեյխը, որ մեծ իմաստություն ունի, շատ բաներ նրանից է հարցնում։

— Ուրեմն, դուք գոհ չե՞ք օսմանցիներից։

— Ի՞նչ ունենք գոհ լինելու։ Նրանք եկան, մեր տան մեջ երկպառակություն ձգեցին. մեզ թշնամացրին ոչ միայն մեր դրացի հայերի հետ, այլ թշնամացրին քուրդը քրդի հետ։ Այժմ չեք գտնի մի ցեղ, որ մի այլ ցեղի հետ հաշտ լինի։ Եղբայրը եղբոր միսն է ուտում։ Բայց այդպես չէր առաջ, սեր կար, միաբանություն կար, ամեն մարդ իր չափը ճանաչում էր, փոքրը գիտեր մեծի պատիվը, իսկ մեծը գիտեր փոքրին հոգ տանել։ Այժմ ամեն բան փոխվել է։ Այն մարդը, որ երեկ իմ ախոռատան մեջ ծառա էր, իմ ձիաների աղբն էր մաքրում, այսօր իրան մուդիր, գայմագամ, փաշա է կոչում, և ես պետք է գնամ նրան գլուխ վեր բերեմ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ես այդ գլուխը գերեզման տանեի, քան թե անպատվեի...

Բայց մի բան չպետք է ուրանալ, որ օսմանցին գալուց հետո, երկիրը բավական խաղաղացավ։

— Ի՞նչպես խաղաղացավ, ավելի վատթարացավ։ Առաջ մենք մեր երկրի տերն էինք և գիտեինք մեր տան բանը,— ճանաչում էինք` ո՞վ է լավը, ո՞վ է վատը և եթե մեկը մի չար գործ էր կատարում, իսկույն իմանում էինք, և հանցավորը իր արժանի պատիժն էր ստանում։ Բայց հիմա գողը մնում է իր համար ազատ և բոլորովին անմեղ մարդկանց տանում են դնում ծակը, և այն էլ գիտե՞ք ինչի համար, որ փող առնեն հետո բաց թողնեն։ Դատավորը երկու կողմից ևս շահվում է. նախ, գողի հետ ընկեր լինելով, բաժանում է նրա հետ կողոպուտը և նրան չի դիպչում, երկրորդ, անմեղ մարդկանց չարչարում է` նրանց կողոպտելու համար։ Այստեղ արդարությո՞ւն կա։ Երկրի համարյա բոլոր կառավարիչները ամեն գործերի մեջ այդպես են վարվում։

Նա կրկին լցրեց իր ծխաքարշը, սկսեց ծխել։ Կարծես, դառն ծխի հետ աշխատում էր նա թափել իր սրտի մաղձը։

— Լավ էր առաջ,— շարունակեց նա,— շատ լա՜վ... Մեր անասունները ազատ-համարձակ մեր սարերի վրա արածում էին. մեր վրանները, որտեղ ցանկանում էինք, այնտեղ էինք կազմում։ Երկիրը դեպի ամեն կողմ բաց էր մեր առջև։ Հիմա ամեն տեղի վրա սահման դրվեցավ. այստեղը, ասում են թագավորական է, այնտեղը, չգիտեմ, ումն է պատկանում,— և բոլորից վատթարն այն է, որ ամեն բանի վրա հարկ է դրվել. մի ամսական փոքրիկ