Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառն անգամ, աստծո խոտը արածելու համար, պետք է հարկ վճարե։ Ո՞վ է տեսել մի այդպիսի բան։

Նա նայեց իր շուրջը, տեսնելու՝ արդյոք ուշադրությամբ լսում են իրան, թե ոչ։ Այդ միջոցին նա ինձ ներկայանում էր, որպես մի քարոզիչ, որր և՛ խոսում էր, և՛ դիտում էր իր ունկնդիրների դեմքի արտահայտությունները, թե ի՛նչ ազդեցություն է գործում նրանց վրա իր քարոզը։

— Ամեն ինչ, որ լավ էր, բարի էր, խլեցին մեզանից,— առաջ տարավ նա,— փոխարենը տվեցին զեխություն, շռայլություն, անբարոյականություն միայն։ Մենք ապրում էինք մեր նախահարց պարզ կյանքով, կերակրվում էինք մեր անասունների յուղով ու պանրով, խմում էինք մեր լեռների մաքուր ջուրը։ Մեզ սովորացրին փլավ ուտել, շերբեթ ու ղահվե խմել, և որ ավելի չարն է՝ արաղ խմել։ Մեր կանայք մեր անասունների քուրդից իրանց ձեռքով էին պատրաստում մեր հագուստը, թե՛ ազնվականի կինը և թե՛ գռեհկի կինը երբեք չէին խորշում թելից ու ասեղից․ իլիկն ու ջահրեն երկուսի ձեռքում ևս ամբողջ օրը պտտվում էր։ Հիմա մեր կանայք օսմանցու հարեմի ծույլ և փափուկ խաթուններ են դարձել, իսկ մեզ սովորեցրին մետաքս հագնել, կարմիր մահուդ հագնել, ոսկի թելերով զարդարել մեր հագուստը։ Մեր կանայք այժմ սովորել են իրանց երեսները ներկել զանազան դեղերով, սովորել են աստծո շնորհած գեղեցկությունը կեղծել, խարդախել։ Մեր տղամարդիկ չեն ամաչում կանանց նման իրանց մազերին գույն տալ հինայով և իրանց աչքերը սևացնել սուրմայով։ Երբ որ զուգված, զարդարված մի երիտասարդ է անցնում, նստած գեղեցիկ նժույգի վրա,— ինքը փայլում է ոսկու մեջ, ձին արծաթապատ ասպազենքով, զենքերը վառվում են թանկագին ակներով,— ամեն կողմից մատով ցույց են տալիս նրան, ընկերն ընկերին ասում է. «տե՜ս, ի՜նչ քաջ երիտասարդ է»... Բայց ո՞ր կովի մեջ է մտել այդ կնամարդը, վերք տվել ու վերք ստացել,— այդ ոչ ոք չէ հարցնում։ Առաջ մի երիտասարդ մինչև մի քանի տասնյակ մարդիկ սպանած չլիներ, մինչև իր մարմնի վրա մի քանի վերքեր ստացած չլիներ, նրան աղջիկ չէին տալ. և մեր աղջիկները անպատվություն կհամարեին երկչոտին ու անարիին իրանց փեսա ընտրել։ Հիմա դրանց նայող չկա. հիմա երիտասարդի քսակն են շոշափում, որ տեսնեն՝ քանի ղուրուշ ունի։ Ճշմարիտ քաջությունը կորել է, և նրան փոխարինել է օսմանցու թուլամորթությունը։ Այժմ առաջվա քուրդը չէ մնացել, և եթե մարդիկ կան, այն ևս կարելի է գտնել հին սերունդի