Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Շան հետ բարեկամացի՛ր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահիր»...

Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր. հայոց հին գրականությունը նա բավական լավ ուսումնասիրած էր. Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր, իսկ Խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, գիտե, թե Ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված։ Նրա մանկության օրերում հայտնի էր Ղազար վարդապետ «սքանչելա—գործը»։ Այս տարապայման աբեղան ոչ մի վանական միաբանության հետ չհաշտվեցավ,— կամ ավելի ճիշտ կլիներ ասել միաբանությունները նրա հետ չհաշտվեցան, այդ պատճառով առանձնացավ իր տանը, և մի քանի մանուկներ հավաքած իր շուրջը, սկսեց պարապել նրանց կրթությամբ. Այդ աշակերտներից մեկն էր պատանի Փանոսը և հառաջադեմ աշակերտներից։ Վարժապետը նրան շատ էր սիրում և շատ անգամ խրատում էր, որ վարդապետ չդառնա։ Այդ ժամանակ ուսում առնում էին միայն հոգևորական դառնալու նպատակով։ Պատանի Փանոսի հայրը վաղուց մեռած լինելով՝ նրա վարժապետը առանձին հոգ էր տանում նրա ապագայի համար, նշմարելով նրա մեջ բավական հարուստ ընդունակություններ։ Իր վարժապետի խորհրդով Փանոսը մտավ մի ներկարարի գործարան։ «Ինչ որ ինձ մոտ սովորեցար, այդքանը բավական է մի արհեստավորի համար,— ասաց բարեսիրտ վարժապետը, երբ ճանապարհ դրեց նրան իր դպրոցից,— հիմա գնա արհեստ սովորի՛ր, որ քեզ հաց տա»...

Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի փոքրիկ դպրոցում։ Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ գտավ, և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխվարպետ և մի նոր փայլ տվեց իր վարպետի գործարանին։ Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր։ Երբ նա փոքր ի շատե գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք։ Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն։ Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու։ Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ։ Նրա ծնողները թեև բոլորովին